Շուրջ 6-ժամյա դատավարությունից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։
Երևանի Ավան–Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի հարցով դատական նիստն ավարտվեց։ Դատարանի որոշումը, սակայն, կհրապարակվի վաղը` դեկտեմբերի 14-ին։ Դռնփակ նիստից հետո լրագրողներին այս մասին հայտնեց Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք` դատական նիստին այսօր մասնակցում էր նաև Արմեն Գևորգյանը, որը դատական նիստից առաջ լրագրողներին ասել էր, որ մեղադրանքին ծանոթ է, բայց չի ընդունում։
Արմեն Գևորգյանը մեղադրվում է Մարտի 1-ի քրեական գործի քրեական գործի շրջանակում։ Ինչպես լրագրողներին հայտնել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, մեղադրանքը սահմանադրական կարգը տապալելու հոդվածով չէ, այլ արդարադատության իրականացումը խոչընդոտելու`ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով:Մեղադրանքը հիմնված է` Wikileaks-ի այն հրապարակմանը, որի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել, նա բողոքել է, ասել է՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում կա, որ ինքը որոշում կայացնի Սերժ Սարգսյանին օգտին: Ըստ ՀՔԾ պետի` վիկիլիքսյան հրապարակումը հիմնավորվել է. Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ միասին, փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա։
Այս մեղադրանքով Արմեն Գևորգյանին 6 տարվա ազատազրկում է սպառնում։
Նրա նկատմամբ նախապես կիրառվել էր չհեռանալու մասին ստորագրություն:
2018 թ.-ին Արմեն Գևորգյանը ՀՀ փոխվարչապետն էր: Մինչ այդ տարբեր ժամանակահատվածներում նա աշխատել է որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, նախագահի առաջին օգնական, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար: 2007-2008 թթ.-ին, ինչպես նաև 2016թ.-ի հունիսից հոկտեմբեր եղել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
Աղբյուրը՝ armeniasputnik.am