Նոր խորհրդարանը կառանձնանա նրանով, որ այն բաղկացած կլինի ոչ միայն ամուսիններից, փեսա-աներձագներից, զարմիկներից, տարատեսակ խնամի-ծանոթ-բարեկամներից, այլև համակուրսեցիներից։ Պարզվում է՝ սփյուռքի «խրոխտ» նախարար Մխիթար Հայրապետյանը հերիք չի իր տեղն է ապահովագրել խորհրդարանում՝ ընտրվելով պատգամավոր, այլև իր համակուրսեցիներին է հետը տարել խորհրդարան։ Նրանցից մեկը՝ Գևորգ Պետրոսյան անունով, ֆեյսբուքում նկար է հրապարակել իր, Վայոց Ձորի դեռևս մարզպետ, բայց արդեն ընտրված պատգամավոր Տրդատ Սարգսյանի, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի և Վաղարշակ Հակոբյան անունով մի երիտասարդի հետ ու կատարել հետևյալ գրառումը․
«88 մանդատից 3-ը՝ մեր կուրսին
Թուրքագիտության քառյակը կամ պատգամավորներն ու ես, ձախից աջ ԱԺ նորընտիր պատգամավոր Տրդատ Սարգսյան, ձեր խոնարհ ծառա (ոչ պատգամավոր) Գևորգ Պետրոսյան, ԱԺ նորընտիր պատգամավոր Մխիթար Հայրապետյան, ԱԺ նորընտիր պատգամավոր Վաղարշակ Հակոբյան»։
Ահա այսպես են մարդիկ բարեկամներով, կուրսընկերներով, խնամիներով, աներձագ-բաջանաղներով տեղավորվում խորհրդարանում, որ հինգ տարի հանրության հարկերի հաշվին վայելեն պատգամավորական մանդատի քաղցրությունը։ Ու սրան զուգահեռ՝ հռչակում, թե «նոր Հայաստանում» այլևս խնամի-ծանոթ բարեկամ սկզբունքը չի գործում։ Ինչպես կասեր «սև դասականներից» մեկը՝ իյա, իրո՞ք։
Աղբյուրը՝ hraparak.am