Վովայի պատվերով բռնել են. քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի նյարդերը տեղի տվեցին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի եւ Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանի վերաբերյալ քննվող սպանության գործով դատավճիռ կայացնելու:

Սպանությունը տեղի էր ունեցել 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում: Մինչ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը այսօր ամբաստանյալների պաշտպանները հանդես եկան ռեպլիկով: Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի ռեպլիկի ժամանակ քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի նյարդերը տեղի տվեցին:

Մասնավորապես, դատախազ Գեւորգ Գեւորգյանի խոսքի ժամանակ ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանը ինչ-որ բանից դժգոհություններ էր հայտնում, որն ապակիներից այն կողմ գտնվողների համար լսելի չէր: Դատավոր Նելլի Բաղդասարյանը կարգադրեց նրան ոտքի կանգնել, սակայն Իսրայելյանը հրաժարվում էր:

«Քո խաթր կանգնում եմ, որպես կին»,- ասաց Իսրայելյանը եւ ոտքի կանգնեց: Դատավորը հիշեցրեց, որ ամբաստանյալը պարտավոր է ենթարկվել դատարանի օրինական կարգադրություններին եւ այդտեղ «խաթրի» հարց լինել չի կարող: Իսրայելյանը, սակայն, այդ զգուշացումից հետո էլ շարունակում էր խոսել, ինչից հետո դատարանը նրա նկատմամբ նախազգուշացման տեսքով սանկցիա կիրառեց: Ամբաստանյալ, քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանը ռեպլիկի կարգով հայտարարեց․ «Վովա Գասպարյանի պատվերով բռնել են, պատվերով նստցրել են, ճնշում գործադրում են, անմեղ նստած ենք, խնդրանքս արդարացի որոշում կայացնելն ա»,- հայտարարեց Բանդուրյանը:

Հիշեցնենք, Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը: Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը: Դատարանը դատավճիռը կհրապարակի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12-ին:

Աղբյուր՝ armtimes.com