Խաչատուրովը պլստաց, ՀԱՊԿ-ում մեկուսացանք․ ո՞վ է պատասխան տալու դիլենտանտիզմի համար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթացը կավարտվի հնարավորինս կարճ ժամկետներում․ ՏԱՍՍ գործակալությանն ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման և նոր ղեկավարի նշանակման գործընթացը կանցնի երկու փուլով: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը կավարտվի հնարավորինս շուտ: Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա ՀԱՊԿ կանոնակարգերը նման իրավիճակ չեն նախատեսում: Պետք է ունենալ ունվերսալ մոտեցում, որպեսզի հետագայում նման դեպքերում լինի հստակ մոտեցում»,-ասել է Շավարշ Քոչարյանը:

Շավարշ Քոչարյանը նշել է, որ կամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունն առաջադրող երկիրը կներկայացնի նոր թեկնածու, կամ կազմակերպությունում նախագահությունը կփոխանցվի այլ երկրի՝ այբբենական կարգով:

Նախկինում Հյաստանի դիրքորոշումը շատ ավելի կարծր էր․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ վստահաբար պնդել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020թ-ի հունվարի 1-ը պատկանում է Հայաստանին ու անհրաժեշտ է համարել, որ Խաչատուրովը փոխարինվի Հայաստանի մեկ այլ ներկայացուցչով։ Շավարշ Քոչարյանը շատ ավելի զգուշավոր դիրքորոշում է հայտնում՝ չբացառելով նաև այն տարբերակը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով փոխանցվի այլ երկրի։ Առաջին անգամ չէ, ընդ որում՝ նաև Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, որ Քոչարյանին վիճակվում է խոսել, այսպես ասած, ոչ պոպուլյար լուծումների մասին։

Ըստ ամենայնի՝ նախնական բանակցությունները ՀԱՊԿ գործընկերների հետ Երևանին բերել է այն եզրակացության, որ դժվար է լինելու պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ Յուրի Խաչատուրովի հետ կապված սկանդալից հետո։ Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի լոբբիզմով զբաղվում են Ղազախստանն ու Բելառուսը, և արդեն իսկ այս երկրների ներկայացուցիչներն ակնարկել են, որ Հայաստանի ներկայացուցչին չեն տեսնում այդ պաշտոնում։ Իհարկե, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ծագած ճգնաժամի հանգուցալուծման հարցում էական դեր է վերապահված Ռուսաստանին ու նրա դիրքորոշմանը, սակայն Երևանն այս հարթության վրա լավատեսության հիքեր նույնպես չունի։ Խաչատուրովի հետ կապված միջադեպին առաջինը կոշտ արձագանքեց հենց Ռուսաստանը՝ արտգործնախարարի դեմքով խիստ քննադատելով Հայաստանի իշխանություններին։

Ռուսական փորձագիտական շրջանակները գրեթե բաց տեքստով են խոսում այն մասին, որ Խաչատուրովին հետ կանչելուց հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է դառնալու Բելառուսի ներկայացուցիչը։ Ինքնին հասկանալի է, որ Հայաստանի իշխանությունը չի կարող այլ լուծում ակնկալել հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա համատեքստում։ Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը դրանք փայլուն որակի՝ երկու երկրների հարաբերություններում ճգնաժամն ակնհայտ է, որի հաղթահարումը տեսանելի չէ նույնիսկ այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանի թիմը, Մոսկվային սիրաշահելու նպատակով, որոշում կայացրեց՝ Սիրիայում ռուսական ավանտյուրային մասնակցելու վերաբերյալ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ինքնին մեծ դիվիդենտներ Հայաստանին չի տալիս, սակայն դրա կորուստը որոշակի անբարենպաստ համատեքստ է ստեղծելու ԼՂ խնդրի շուրջ զարգացող գործընթացներում, որովհետև Ադրբեջանն է հայ-ռուսական ճգնաժամային հարաբերությունների հիմնական շահառուն։

Սակայն սա այն դեպքն է, երբ դժվար է ուղղակի մեղադրանք հասցեագրել Ռուսաստանին․ դիլենտանտիզմի կամ այլ պատճառներով Հայաստանի իշխանությունը ճգնաժամ հարուցեց ՀԱՊԿ-ում՝ վաստակելով անվստահելի գործընկերոջ համբավ։

Որևէ մեկը չի վիճարկում, որ Յուրի Խաչատուրովը պետք է կանգնի արդարադատության առջև, եթե իսկապես մեղսակից է Մարտի 1-ի ոճրագործությանը, սակայն այդ գործընթացը պետք է իրականացվեր պատշաճ դիվանագիտական ընթացակարգով՝ հաշվի առնելով Խաչատուրովի կարգավիճակը։ Հայաստանը չպահպանեց այդ ընթացակարգը, ինչն առիթավորեց ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև՝ ՀԱՊԿ այլ երկրների։

Իհարկե, միամիտ չլինենք՝ կարծելու համար, որ Մոսկվային հետաքրքրում է միայն ՀԱՊԿ հեղինակությունը։ Խաչատուրովի հետ կապված սկանդալը լավ առիթ էր, որ Մոսկվան ֆորմալ և ոչ ֆոևրմալ հարթակներում մեծացնի ճնշումը Հայաստանի ղեկավարության նկատմամբ։ Բացի այդ, Մոսկվայում բոլոր հնարավոր միջոցներով փորձում են արգելափակել Մարտի 1-ի բացահայտումը ու որևէ երաշխիք չկա, որ Միքայել Հարությունյանից հետո ռուսական հովանու տակ չի հայտնվի նաև Յուրի Խաչատուրովը։ Իսկ այդ հանգամանքն էապես կաշկանդելու է ՀՔԾ-ի գործողությունները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Մոսկվան Մարտի 1-ի հարցում շահագրգռվածություն ունի մի քանի առումով։ Նախ՝ այդ հանցագործությունն ունի ակնհայտ ռուսական հետք, ըստ այդմ՝ դրա համապարփակ բացահայտումը հարվածելու է ռուսական շահերին։

Երկրորդ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված Ռուսատանն ունի պլաններ, մասնավորապես՝ նա դիտվում է երկբևեռ համակարգի երկրորդ առանցքի դերում։ Մոկվան մտադիր է Քոչարյանի գործոնով ավելի վերահսկելի դարձնել Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը։

Եվ վերջապես՝ Մարտի 1-ի լիարժեք բացահայտումը ու Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ճանապարհ է բացելու Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար, իսկ նման հեռանկարն ուղղակի հարված է Մոսկվայի շահերին, որովհետև միջազգային հանրության համար բացահայտ կդառնա Պուտինի ռեժիմի արյունոտ ոճիրներից ևս մեկը։ Բացի այդ՝ Հոկտեմբերի 27-ի բացահայտումով կչեղարկվի ռուսական վասալության ռեժիմը։

Ստացվում է՝ Հայաստանի իշխանության չմտածված քաղաքականության հետևանքով՝ մեր երկիրը կորցնելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ մանևրի ավելի մեծ հնարավորություններ ստեղծելով Ադրբեջանի համար, մյուս կողմից՝ կարող է փակուղում հայտնվել Մարտի 1-ի գործի բացահայտումը, որովհետև գրեթե անկասկած է, որ Մոսկվան հրաժարվելու է հանձնել նաև Խաչատուրովին՝ պաշտպանվելու ալիբիներ ստեղծելով Պուտինի ընկեր Քոչարյանի համար։

Արտաքին քաղաքականության մեջ հայեցակարգային մոտեցումների բացակայությունն ու երկրի ներսում իրավապահ մարմինների դիլենտանտիզմը Հայաստանը կանգնեցնելու է անխուսափելի ֆորս-մաժորային իրավիճակների առաջ, եթե իշխանությունները համապատասխան հետևություններ չանեն։

Աղբյուրը՝ 1in.am