ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ. Ո՞ր հեռուստաընկերությունն է մինչ այժմ գաղտնի ծառայել ՀՀԿ-ին ու նվաստացրել աշխատակիցներին. պատմությունն՝ առաջին ձեռքից

LosArmNews.com կայքը շարունակում է հրապարակել ընթերցողների մեզ հասցեագրված նամակներն ու պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրահարույց թեմաների վրա: Հերթական սկանդալային բացահայտումն առնչվում է  Գյումրիում տեղակայված Շիրակի Հանրային Հեռուստառադիո ՓԲԸ-ին:

Ընթերցողի նամակը մեջբերում ենք՝ ամբողջությամբ:

«Այս նամակով ես ցանկանում եմ իրազեկել Ձեզ Գյումրիում տեղակայված Շիրակի Հանրային Հեռուստառադիո ՓԲԸ տնօրեն Ղանդիլյան Արթուրի կողմից կատարվող անօրինությունների մասին։ Նախ՝ ներողություն եմ խնդրում չներկայանալու համար, հնարավոր վենդետայից խուսափելու պատճառով։
Հեռուստատեսության ռեյտինգը գտնվում է մեղմ ասած ցածր մակարդակի վրա։ Հանրության մեծ մասը չի վստահում այս կառույցին, որովհետեւ տարիներ շարունակ Ա․ Ղանդիլյանն այն ծառայեցրել է հանրապետականների եւ սկանդալների կենտրոնում հայտնված իր մի խումբ մտերիմների շահերի սպասարկմանը։ Նա հեռուստատեսության գույքը, սարքավորումները, աշխատակիցներին ու տրանսպորտային միջոցներն օգտագործում է անձնական նպատակներով (օգոստոսի 19-ին հեռուստատեսության գույքն ու աշխատակիցներն օգտագործվել են դստեր հարսանիքի նկարահանումներում)։

Այս անձը հանդիսանալով Ցայգ հեռուստաընկերության համասեփականատերը(ինչն անթույլատրելի է ազատ մրցակցության բացակայության տեսանկյունից) Շիրակ հ/ը եկած հաղորդումների եւ գովազդների պատվերներն ուղորդում է Ցայգ հ/ը։ Նա մշտապես բղավում է աշխատակիցների վրա, վիրավորում նրանց եւ խնդիրները չլուծելու համար անհարկի վեճեր հրահրում։

Աշխատակիցներից ոմանք հեռացվել են աշխատանքից ճշմարտությունը բարձրաձայնելու պատճառով։ Աշխատավարձերի մի մասն ու արձակուրդայիններն անհիմն ուշացվում են եւ դա պատճառաբանվում է գումար չլինելով, ինչի պատճառով աշխատավարձ ստանալու օրերն ուղեկցվում են բախումներով ու վեճերով։

Նա աշխատանքից հեռացնում է մարդկանց եւ նրանց փոխարեն նշանակում իր հարազատ-բարեկամ-խնամի-ծանոթներին, ովքեր տղայական ռազբորկաներով վախի մթնոլորտ են ստեղծում նրանց համար, ովքեր փորձում են դժգոհել անօրինությունից։ Նա տարիներ շարունակ անմնացորդ նվիրված է եղել ՀՀԿ-ին, իսկ հեռուստատեսությունն օգտագործել իշխանությունների շահերի սպասարկման գործում եւ վայելել է պատգամավոր Արման Սահակյանի հովանավորությունը, ինչն էլ թույլ է տվել Ա․ Ղանդիլյանին անպատժելի զգալ եւ վարվել այնպես, ինչպես կամենում է։ Աշխատակիցներն իրենց ֆինանսական միջոցների, պարգեւավճարների եւ պահումների վերաբերյալ տեղեկանում են Ա. Ղանդիլյանի կնոջից, ում գործառույթներն աշխատակիցներին անհայտ են»։