Գլխավոր Uncategorized @hy Պուտինն ու Փաշինյանը միջազգային անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացման հետ կապված մտահոգություն են...

Պուտինն ու Փաշինյանը միջազգային անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացման հետ կապված մտահոգություն են հայտնել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացման հետ կապված մտահոգություն են հայտնել։ Այս մասին ասվում է հանդիպման արդյունքներով երկու առաջնորդների հայտարարության մեջ։

«Այս առումով կողմերը մտադիր են էլ ավելի ամրապնդել փոխգործակցությունը՝ տվյալ ոլորտում բացասական միտումներին դիմակայելու նպատակով։ Առաջնորդները ելնում են նրանից, որ ոչ մի պետություն, միություն կամ կոալիցիա չի կարող և չպետք է ապահովի իր անվտանգությունն այլ պետությունների անվտանգության հաշվին։ Առաջնորդները նշել են նաեւ, որ անթույլատրելի են  սպառազինությունների վերահսկման ճարտարապետությունը ոչնչացնելուն եւ ի վնաս այլոց անվտանգության ռազմական միակողմանի առավելություններ ստանալուն ուղղված գործողությունները, որոնք խաթարում են անվտանգության անքակտելի հիմնարար սկզբունքը, հանգեցնում հակասությունների եւ առճակատման»,-ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը՝ ընդունելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առանցքային դերը տարածաշրջանային կայունության ապահովման գործում, վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ հաշվի առնելով Կազմակերպությունում Հայաստանի ներկայիս նախագահությունը, ակտիվացնել հավաքական անվտանգության միջոցների եւ ուժի ներուժի ավելացմանն ուղղված ջանքերը, կատարելագործել Կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմները, ամրապնդել համակարգումը եւ նպաստել ՀԱՊԿ գործընկերության ընդլայնմանը։

Պուտինն ու Փաշինյանը կողմ են հանդես եկել ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների առաջմղմանը, ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացմանը, ներառյալ՝ առանց սահմանափակումների, խոչընդոտների ներքին շուկայի ստեղծումը, ազգային արժույթով հաշվարկների մասնաբաժնի ավելացումը։

Առաջնորդները կողմ են արտահայտվել բոլոր ուղղություններով ԱՊՀ ձեւաչափով փոխգործակցության հետագա խորացման օգտին, այդ թվում՝ միջազգային արդի հարցերի շուրջ դիրքորոշումների համակարգման, սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի բարձրացման եւ Համագործակցության մշակութային ու հումանիտար կապերի ընդլայնման նպատակով:

Առաջնորդները նշել են, որ հանձնառու են ներառական, իրավահավասար եւ ներկայացուցչական միջազգային համակարգի զարգացմանը՝ ՄԱԿ-ի կանոնակարգի սկզբունքներին եւ նպատակներին համահունչ եւ ուղղված բոլոր ժողովուրդների խաղաղությանը, ժողովրդավարությանը եւ բարգավաճմանը: Կողմերն անհրաժեշտ ջանքեր կգործադրեն՝ խորացնելու համագործակցությունը ՄԱԿ-ի շրջանակում եւ այլ հարթակներում՝ Ռուսաստանի եւ Հայաստանի դիրքորոշումները համահունչ դարձնելու համար։

Կողմերն ընդգծել են միջազգային ահաբեկչությանը բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով հակազդելու համար համատեղ ջանքերի ավելացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ համաձայնել են ավելացնել ջանքերը՝ ուղղված ահաբեկչության ֆինանսական աջակցության աղբյուրները թաքցնելու դեմ ուղղված պայքարին, հակազդելու ապօրինի թրաֆիքինգի, թմրանյութերի, զենքի, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության, անդրսահմանային կազմակերպված հանցավորության դեմ։