Գլխավոր Uncategorized @hy ՀՀ ԱԳՆ-ն մտահոգված է, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել...

ՀՀ ԱԳՆ-ն մտահոգված է, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել այսօր Արցախ ընդդիմադիր պատգամավորների մուտքն արգելելու միջադեպի հետ կապված: Հայտարարությունում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ:

Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»:

Հիշեցնենք, որ այսօր «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը ելույթի ժամանակ Արցախի դրոշը փակցրել էր ԱԺ ամբիոնին, ինչից հետո հայտարարել, որ խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ նիստին և մեկնում է Արցախ, քանզի համաում է, որ Արցախը վտանգված է: Օհանյանի հայտարարությունից հետո նրանց նախաձեռնությանը միացել էր նաև «Պատիվ ունեմ» խբմակցությունը: Սակայն ԱԺ փոխնախագահ Իշխանը Սաղաթելյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ: