Ոստիկանության պաշտոնատար անձինք մեղադրվում են քաղաքացուն խոշտանգելու մեջ. Փաստինֆո

ՀՀ ոստիկանության երկու պաշտոնատար անձ հանցագործություն կատարած քաղաքացուն ավտոմեքենայով Ոստիկանության բաժանմունք տեղափոխելու ընթացքում խոշտանգել են նրան։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 2-ին, երբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի թմրամոլության դեմ պայքարի գծով ավագ օպերլիազորը եւ նույն բաժանմունքի օպերլիազորը Երևանի մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի դիմացից քաղաքացուն ավտոմեքենայով ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել, ինչի ընթացքում կատարած արարքի համար վերջինիս պատժելու նպատակով խոշտանգել են նրան:

Ըստ դատական-տեղեկատվական համակարգի՝ ոստիկանության պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, այն է՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումը։

Նշենք, որ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով։