Նարեկ Սարգսյանի արտահանձնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման շուրջ աշխատանքները շարունակվում են։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Նա նշեց, որ արտահանձնման թղթերն արդեն ուղարկել են Պրահա։
«Հանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը դեկտեմբերի 28-ին Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին: Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող ասել», – ասաց նա:
Հանձնման մասին Եվրոպական կոնվենցիայի համաձայն` այլ երկրի պահանջով ձերբակալված անձը նախնական կալանքի տակ կարող է մնալ առավելագույնը 40 օր, և եթե այս դեպքում Հայաստանը արտահանձնման դիմում չներկայացնի, Պրահայի իշխանությունները կարող են նրան ազատ արձակել։ Արտահանձնման ժամկետը լրանում է հունվարի կեսին։
Հիշեցնենք` միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը (Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի 37-ամյա որդին) հայտնաբերվել և ձերբակալվել էր դեկտեմբերի 6-ին Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նրա Հայաստան տեղափոխման գործընթացը կազմակերպելու նպատակով:
2018թ–ի հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:
Աղբյուրը՝ armeniasputnik.am