«Մինչև հիմա ՀՀ-ում ջրօգտագործումը քմահաճորեն է իրագործվել: Ջուրն իրականում գողացել են, և հայտնի չէ, թե իրականում ի՞նչ նպատակներով են օգտագործել: Վերջերս հայտարարեցին, թե փոքր հէկ-երը, չգրանցված տնտեսություններն են անօրնական ճանապարհներով օգտագործել: Այսինքն, ջուրը վաճառել են՝ առանց որևէ տեղ գրանցելու և ներքին կարգով: Լիազոր մարմինը գումարը վերցրել, դրել է գրպանը՝ առանց որևէ մի տեղ արձանագրելու: Այժմ ջրամբարները դատարկ են, ի՞նչ է եղել այդ ջուրը: 2017թ. ապրիլին հայտնաբերեցին, որ Ախուրյանի ջրամբարում այլևս ջրային պաշար չկա, ու որևէ քայլ չձեռնարկեցին: Որպես քավության նոխազ՝ ընտրել են ձկնարտադրողներին ու մեղքը նրանց վրա բարդել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն հ/կ ու «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը:
Նրա խոսքով՝ հիմա մեկ այլ խնդիր էլ կա. ձկնարտադրողին թողնում են լրացուցիչ ջրաքանակ օգտագործել, բայց դրա համար երեք անգամ թանկ պետք է վճարի:
«Կարծում եմ՝ սա տնտեսվարողի իրավունքի խաթարում է, քանի որ ոչ թե պետք է ավել ջրի օգտագործումն այդ միջոցով վերահսկեն, այլ ջրաչափերի տեղադրմամբ»,- նշեց Արթուր Աթոյանը:
Ինչ վերաբերում է շուկայում ազատորեն վաճառվող սիգին՝ Արթուր Աթոյանն ասաց. «Այս նույն հարցի կապակցությամբ ՀՀ բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանի մոտ քննարկում էր: Հայտարարություն եղավ, որ, եթե արգելենք փոքր չափերի դեռահաս սիգի վաճառքը, առաջիկա տարիներին կարող ենք արդյունագործական որս իրականացնել Սևանա լճում: Ես ասացի, որ, եթե խոսում են արգելելու մասին, բայց չեն արգելում, ապա սիրողական աշխատանք են իրականացնում: Անցել է այդ հանդիպումից մի քանի ամիս, և տեսնում ենք, որ որոշ նախարարներ զբաղված են դեմագոգիայով: Փողոցներում հիմա էլ սիգ է վաճառվում ու որևէ մեկի կողմից չի արգելվում»: