Թեժ պրոցեսներ հեծանվասպորտի ֆեդերացիայում. Գալուստ Սահակյանի որդին ցանկանո՞ւմ է վերընտրվել

Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայում սպասվում է նախագահի ընտրություն: Այն նախատեսված է հունիսի 11-ին, ու արդեն դրա հետ կապված պրոցեսներ են ընթանում: Մեր տեղեկություններով՝ պաշտոնը փորձում է պահպանել ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀԿ-ական Արման Սահայանը: Նրա հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:

Զրուցեցինք Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի հետ, որը Սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահն է եւ ընտրություններում իր թեկնածությունը դնելու առաջարկ է ստացել: Նա ՀԺ-ին ասաց, որ իրեն խնդրել են մասնակցել ոլորտի սրտացավ մարդիկ ու որ դեռ վերջնական որոշում չի կայացրել:

«Մի քանի անհատներ եւ սրտացավ հեծանվորդներ, որոնք այդ ոլորտում են, անուններ նշելու կարիք չկա, նրանք, ովքեր ուզում են ֆեդերացիան բարեւփոխել եւ ոլորտը զարգացնել, նրանց կողմից է առաջարկը: Ասել եմ՝ կմտածեմ, բայց, եթե այլ թեկնածու լինի, որն ի վիճակի կլինի այդ գործընթացն անել, կողմ կլինեմ, կօգնեմ»,- ասաց նա:

Անտոնյանը կոնկրետ անուններ չնշեց, սակայն հարցին՝ արդյոք ֆեդերացիայի ներսում դժգոհություններ կան ներկայիս ղեկավարությունից, դրական պատասխան տվեց: Ճշտող հարցին՝ արդյո՞ք դժգոհությունները մարզիչների ու մարզիկների կողմից են, ասաց. «Երեւի»:

Արման Անտոնյանը կարծում է, որ ֆեդերացիան լուրջ փոփոխությունների, առողջացման կարիք ունի: Ըստ նրա՝ դա վերաբերում է ինչպես կադրերին, այնպես էլ գործունեության ձեւաչափին ու մոտեցմանը: Պետական ֆինանսավորում ստացող ֆեդերացիան վերջին շրջանում միայն 1 մարզիկ ունի, որը միջազգային ասպարեզում բարձր է պահում երկրի պատիվը: Էդգար Ստեփանյանն է, սակայն նա էլ, Անտոնյանի կարծքով, հաջողությունների հասել է հիմնականում սեփական ջանքերի, այլ ոչ թե ֆեդերացիայի շնորհիվ:

«Էդգար Ստեփանյանն այնպես չէ, որ ֆեդերացիայի ջանքերով է դարձել Էդգար Ստեփանյան, գուցե որոշ առումով փոքրիկ նպաստ ունեցել է, բայց շատ երկար աշխատանք է տարել Էդգարը Ստեփանյանը, որ արժանացել է այդ տիտղոսներին: Հենց այդ երկար աշխատանքի պայմանների ապահովման մասին է խոսքը, որ ֆեդերացիան պետք է ստեղծի այլ մարզիկների համար»,- ասաց նա:

Անտոնյանը նշում է, որ նույնիսկ առանց պետական ֆինասավորում ստանալու ճիշտ մոտեցման ու ծրագրերի շնորհիվ հնարավոր է արդյունքների հասնել: Ասում է, որ այդ մասին է վկայում իր ղեկավարած ֆեդերացիայի գործունեությունը: Ըստ նրա՝ իրենք հասել են նրան, որ հեծանիվը նորաձեւ դառնա:

«Ֆեդերացիան չունի ոչ մի լումա պետական ֆինանսավորում, եւ փորձեցինք հեծանվային մշակույթը բերել մի մակարդակի, որ հեծանիվը դարձավ նորաձեւ: Հիմա նաեւ որպես ավագանու անդամ դիտարկում ենք հեծանիվը նաեւ որպես տրանսպորտային միջոց: Ինչո՞ւ եմ համեմատությունը բերում, քանի որ նաեւ ֆինանսավորում չունենալու դեպքում, եթե կա մեծ ցանկություն, նպատակ ու մեծ ծրագիր, կարելի է որոշակի արդյունքների հասնել: Իսկ պետական ֆինանսավորման դեպքում պետք է այդ ֆինանսը ճիշտ օգտագործել եւ դրա հետ մեկտեղ փորձել վստահություն ձեռք բերելու շնորհիվ ունենալ աջակիցներ՝ թե՛ անհատների, թե՛ կազմակերպությունների կողմից»,- ասաց նա:

Արման Սահակյանը ֆեդերացիան ղեկավարում է 2015 թվականից: Նրանից նախորդ տարվա վերջին դժգոհել էր Հայաստանում այս մարզաձեւի առաջատար Էդգար Ստեփանյանը: Նա նշել էր, որ կարեւոր նվաճումների հասնելուց հետո ֆեդերացիայի ղեկավարը նրա հետ նույնիսկ 1 անգամ հանդիպելու ցանկություն չի հայտնել:

armtimes.am