Կմեկնի՞ արդյոք Մխիթարյանը Ադրբեջան. Բաքուն սպառնում է սուլոցներով

Համացանցում քննարկումներ են ընթանում, թե արդյոք Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Բաքվում մայիսի 29-ին կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին:

Արդեն հայտնել ենք, որ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է ՈւԵՖԱ-ին, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու մեկնելու դեպքում ոչ մի խնդիր չի ունենա:

Բուքմեյքերները իրենց հերթին Մխիթարյանի՝ Բաքու գնալ-չգնալու մասով խաղադրույքներ են ընդունում: Դրանց գործակիցները վկայում են այն մասին, որ Մխիթարյանը չի մեկնի Բաքու:

Ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի գիտակ, ադրբեջանցի Ռավշան Ասկերովը Rusarminfo-ի հետ զրույցում նշել է, որ թեև Մխիթարյանի անվտանգության առումով խնդիր չի ծագի, սակայն, մեծ է հավանականությունը, որ նրան կդիմավորեն սուլոցներով:

Ասկերովը նշել է, որ մարդիկ տարբեր են, ուստի ինքը չի կարող պատկերացնել մարզադաշտի երկրպպագուների արձագանքը:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը արդեն 2 անգամ հրաժարվել է մեկնել Բաքու. առաջինը «Դորտմունդի Բորուսիայի»  կազմում՝ «Կապալայի» հետ խաղին և «Արսենալի» կազմում չի մեկնել` մասնակցելու «Ղարաբաղի» հետ խաղին:

Համացանցում շրջանառվող կարծիքների համաձայն՝ Հենրիխ Մխիթարյան երրորդ անգամ ևս ռիսկի չի գնա:

 

shantnews.am