Հենրիխ Մխիթարյանը կկարողանա մեկնել Բաքու. ՈՒԵՖԱ

Մխիթարյանը նախկինում երկու անգամ չի մասնակցել ադրբեջանական թիմերի հետ Եվրագավաթի խաղերին։

Հայ ֆուտբոլիստ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա անարգել մեկնել Ադրբեջան, որտեղ տեղի է ունենալու Եվրոպայի լիգայի եզրափակիչը։ Այդ մասին հաղորդում է Sport24.ru–ն։

Ակումբում մտավախություն են ունեցել, որ Մխիթարյանը կարող է խնդիրներ ունենալ այդ երկիր մուտք գործելու հարցում։

Հայաստանի քաղաքացիներն արդեն նման խնդիրներ ունեցել են։ Մխիթարյանն արդեն երկու անգամ չի մասնակցել ադրբեջանական թիմերի հետ Եվրագավաթի խաղերին։

«ՈՒԵՖԱ–ի համար սովորական ընթացակարգ է ասոցիացիաներին, ակումբներին կամ դեսպանատներին աջակցության նամակներ ուղարկելը` ֆուտբոլիստների համար վիզաներ ստանալու և ՈՒԵՖԱ–ի հովանու ներքո խաղերին մասնակցելու հնարավորություն տալու նպատակով։ Մենք պահանջել ենք հավաստիացումներ, որ Մխիթարյանի հարցում խնդիրներ չեն լինի», – նշվում է ՈՒԵՖԱ հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիայի ասոցիացիան հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանը խնդիր չի ունենա Ադրբեջան մուտք գործելու և այդ երկրում մնալու հարցում, կկիրառվեն անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։

Նշենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 29–ին։

armeniasputnik.am