Սպորտի և երիտասարդության նախարարության ապօրինությունը մասամբ վերացվել է, Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը շարունակվելու է. Արթուր Գևորգյան

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն իր ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ սպորտի և երիտասարդության նախարարի հրամանն անվավեր ճանաչելու խնդրանքով դիմել են դատարան:

«Ինչպես հայտնի է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը ,ինչպես միշտ հանդես գալով կամակատարի դերում ,կասեցրել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի պետական ֆինանսավորումը ՝հիմքում դնելով ակնհայտ անհիմն հիմնավորում:

Բնականաբար այս ապօրինությունը չէր կարող անարձագանք մնալ և օրեր առաջ դիմել ենք ՀՀ վարչական դատարան ՝խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը կասեցնելու մասին նախարարի ակնհայտ ոչ իրավաչափ հրամանը:

Ավելորդ չեմ համարում նշել նաև, որ նշված ապօրինությունը մասամբ վերացվել է և դատարանի վարույթ ընդունելու որոշմամբ կասեցվել է այդ հրամանի գործողությունը, այսինքն բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը շարունակվելու է:

Մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ 2018 թ. օգոստոսի 2-ին Արթուր Գևորգյանը վերընտրվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Գևորգյանն առաջադրված միակ թեկնածուն էր և ընտրվել է 58 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: 2013 թ. նոյեմբերից նա զբաղեցնում է ՀԲՖ նախագահի պաշտոնը:

Ավելի ուշ տարաձայնություններ էին առաջացել, որոշ բռնցքամարտիկներ, մարզիչներ հայտարարել էին, որ տվյալ ընտրություններն անցկացվել են խախտումներով, իսկ Օլիմպիական կոմիտեն սառեցրել էր Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը կառույցին:

tert.am