ՀԱՕԿ-ի և Ծառուկյանի վերաբերմունքը մեր երկրի դրոշը բարձր պահած բռնցքամարտիկների նկատմամբ

Նախօրեին Վլադիկավկազում ավարտվեց բռնցքամարտի 18-22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները փայլուն ելույթով աչքի ընկան: Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 5 մեդալ: Անուշ Գրիգորյանը տպավորիչ ելույթով դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Անի Հովսեփյանը՝ փոխչեմպիոն: Վախթանգ Հարությունյանը, Հրայր Շահվերդյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը նվաճել են բրոնզե մեդալ: Գրանցված արդյունքները խոսում են այն մասին, որ մեր բռնցքամարտն ունի մեծ պոտենցիալ, և մոտ ապագայում կարող ենք գրանցել էլ ավելի լուրջ հաջողություններ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունից առաջ Երևանում տեղի էր ունեցել երիտասարդների Հայաստանի աղմկահարույց առաջնությունը: Մասնավորապես, Կոտայքի մարզի և էլի մի շարք մարզադպրոցներ բոյկոտել էին այս առաջնությունը, ինչի հետևանքով բազմաթիվ բռնցքամարտիկներ զրկվել էին իրենց համար կարևոր մրցմանը մասնակցելու հնարավորությունից: Առաջնությունից օրեր առաջ ՀԱՕԿ-ը սառեցրել էր ՀԲՖ-ին անդամակցությունը՝ նշելով, որ մարզական այս կառույցի ղեկավարությունը լեգիտիմ չէ: Մասնավորապես, ՀԱՕԿ-ը, հղում կատարելով բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային՝ ԱԻԲԱ-ին, նշում է, որ անհրաժեշտ է անցկացնել ՀԲՖ-ի նախագահի նոր ընտրություններ: Կոնֆլիկտին միջամտել էր նաև ՀՀ սպորտի նախարարությունը, և հավանականությունը մեծ է, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում տեղի կունենան նոր ընտրություններ:

Ամեն ինչ շատ պարզ է. ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կտրականապես դեմ է, որ բռնցքամարտի ֆեդերացիան գլխավորի Արթուր Գևորգյանը: Այդ իսկ պատճառով ստեղծվել է բռնցքամարտի ազգային ֆեդերացիան, որը գլխավորում է Հովհաննես Հովսեփյանը և հավակնում է դառնալ ՀԲՖ նախագահ: Այս խնդրին բազմիցս ենք անդրադարձել և հանգել այն եզրակացության, որ կոնֆլիկտը կարող է հարթվել միայն ՀՀ իշխանությունների անմիջական միջամտությամբ:

Վլադիկավկազի առաջնությունից հետո, սակայն, ականատեսը եղանք մեկ այլ երևույթի, ինչն ուղղակի անընդունելի է: Մեր բռնցքամարտիկների հաջողությանը որևէ կերպ չարձագանքեցին ՀԱՕԿ-ը և, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանը: Մեզ համար արդեն սովորական երևույթ էր դարձել, որ միջազգային ասպարեզում նույնիսկ փոքր հաջողություն ունենալու դեպքում ՀԱՕԿ-ի և Ծառուկյանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանում զուռնա-դհոլով, դափնեպսակներով ջերմ ընդունելություն է կազմակերպվում և օրվա ընթացքում մի քանի անգամ ցուցադրվում «Կենտրոն» հեռուստաընկերությամբ: Այս անգամ մեր մարզիկները ջերմ ընդունելության արժանացան միայն Բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչների և ընկեր-բարեկամների կողմից: Մեդալակիրներին չի շնորհավորել նաև Ծառուկյանը: Համենայնդեպս, այս մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել:

Եվ ամենակարևորը՝ Վլադիկավկազում տեղի ունեցած առաջնության մասին ոչ մի բառ չի գրվել ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի armnoc.am-ի լրատվական բաժնում: Կարծես թե նման առաջնություն չի էլ եղել, և մերոնք չեն էլ մասնակցել այդ մրցաշարին: Փոխարենը նշված կայքում կարելի է կարդալ Օլիմպիական խաղերի ամենահավատարիմ երկրպագուի մահվան մասին, մեր ձյուդոիստների, շախմատիստների և այլ մարզաձևերի ներկայացուցիչների ելույթների մասին: Ինչո՞ւ: Վլադիկավկազում հաջողության հասած բռնցքամարտիկները մերը չե՞ն: Եվրոպայի առաջնությունը չի անցկացվել, ըստ ՀԱՕԿ-ի, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ոչ լեգիտիմ ղեկավարության կողմից: Մեր մարզիկները հաջողության են հասել միանգամայն պաշտոնական և լեգիտիմ մրցաշարում: Գագիկ Ծառուկյանը շարունակ նշում է միջազգային մրցաշարերում մեր երկրի դրոշը բարձրացնելու, մեր երկրի օրհներգը հնչեցնելու մասին:

Անուշ Գրիգորյանը, Անի Հովսեփյանը, Վախթանգ Հարությունյանը, Հրայր Շահվերդյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը հնչեցրին մեր օրհներգը, բարձրացրին մեր երկրի դրոշը: Մի՞թե նրանք արժանի չեն շնորհավորանքի և գովեստի խոսքերի: Մի՞թե նրանք արժանի չէին, որ գրանցված հաջողության մասին գոնե գրվի ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքում: Մի՞թե նրանց հաջողությունը, այսպես ասած, «մանթո է գցել ոմանց»: Պարզապես չենք ցանկանում հավատալ, որ կարող է լինել նման բան: Այս մարզիկները ամենևին մեղավոր չեն, որ ՀԱՕԿ-ի և Բռնցքամարտի ֆեդերացիայի ջուրը նույն առվով չի հոսում:

Ի տարբերություն մի շարք այլ բռնցքամարտիկների՝ Վլադիկավկազ մեկնած մեր մարզիկները մանիպուլյացիայի և տարատեսակ այլ բոյկոտներին չեն տրվել և արժանիորեն կատարել են իրենց պրոֆեսիոնալ պարտականությունը: Նրանք պայքարել են մինչև վերջ, բարձր են պահել մեր երկրի պատիվը: Եթե հայկական բռնցքամարտը պառակտված չլիներ, հավանական է, որ Եվրոպայի առաջնությունում 5-ի փոխարեն ունենայինք, ասենք, 10 մեդալ:

Ամեն դեպքում պետք է արժանին մատուցել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային, որը նման լարված իրավիճակում կարողացել է մարզիկներին պատշաճ կերպով նախապատրաստել Եվրոպայի առաջնությանը և բարձր պահել Հայաստանի պատիվը:

Հաղթական էմոցիաներ…

Հաղթական էմոցիաներ… Վլադիկավկազում հնչեց ՀՀ պետական օրհներգը՝ ի պատիվ Եվրոպայի 18-22 տարեկանների նորընծա չեմպիոն Անուշ Գրիգորյանի

Posted by Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա / Boxing Federation of Armenia on Sunday, March 17, 2019

Աղբյուրը` https://www.1in.am/2526811.html