ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության  և Ադրբեջանի հետ կապի մեջ է։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը։

«Կողմերի հետ շփման մեջ ենք՝ իրավիճակը հնարավորինս արագ խաղաղ հուն տեղափոխելու համար»,- նշել են նախարարությունից։

Հիշեցնենք՝ ՊՆ-ից հայտնել էին, որ նոյեմբերի 16-ին ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։