Պուտինն ու Մակրոնը պատրաստակամություն են հայտնել համագործակցել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ինչպես փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը, նախագահներն արձանագրել են, որ «իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ներկա պահին հանգիստ է, շարունակվում է իրավաչափ աշխատանքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության իրագործման ուղղությամբ»:

Բացի այդ, կողմերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման տարբեր հայեցակետերով համագործակցության պատրաստակամություն են հայտնել, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում:

Ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով Ելիսեյան պալատին, հայտնում են նաև, որ Մակրոնն ու Պուտինը պայմանավորվել են առաջիկայում հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման նախաձեռնությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: