Էրդողանն արձագանքել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հարգում է 1915 թվականին զոհված հայերի հիշատակը և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ցեղասպանություն էր ճանաչել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում էթնիկ հայերի զանգվածային սպանությունները:

Ինչպես ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հիմնված է պոպուլիզմի վրա, Թուրքիան մերժում է այն:

«Մենք չպետք է թույլ տանք, որ հարյուրամյակներ շարունակ բազմապատկված և մարդկության համար օրինակ համարվող թուրքերի և հայերի համակեցության մշակույթը մոռացվի։ Հարգանքով եմ հիշում «Առաջին համաշխարհային պատերազմի բարդ պայմաններում զոհված Օսմանյան պետության հայերի հիշատակը», ցավակցություն եմ հայտնում նրանց թոռներին», – ասվում է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին ուղղված Էրդողանի ուղերձում:

Թուրքիայի նախագահը նշել է, որ 1915 թվականի իրադարձությունները քաղաքականացնելու և դրանք Անկարայի վրա ճնշման գործիք դարձնելու որոշ շրջանակների փորձերը օգուտ չեն բերի և կոչ է արել բարիդրացիության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա Հայաստանի հետ կապերի զարգացմանը:

«Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորումից հետո մենք հայտարարել ենք Հայաստանի հետ կապերի զարգացման պատրաստակամության մասին։ Այսօր ես կրկին կրկնում եմ այդ կոչը», – ասված է ուղերձում։