Լուկաշենկոն նոր հրամանագիր կստորագրի` բացահայտելով ում կփոխանցվեն նախագահի լիազորությունները նրա մահվան դեպքում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախատեսում է հրամանագիր ստորագրել նախագահի լիազորություններն անհրաժեշտության դեպքում Անվտանգության խորհրդին փոխանցելու մասին:

Երկրի ղեկավարն այս մասին լրագրողներին ասել է Պոլեսյե պետական ճառագայթա-բնապահպանական արգելոց կատարած այցի ժամանակ, գրում է «Բելտա»-ն:

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր կարևոր հրամանագիր ստորագրելու մասին: Ըստ նրա՝ այս փաստաթուղթը պետք է դառնա իր նախագահության տարիներին ամենակարևոր որոշումներից մեկը: Երկրի ղեկավարը այլ մանրամասներ չի հաղորդել, և «փորձագետները» սկսել են տեսակետներ հայտնել, թե «Լուկաշենկոն Բելառուսը կհանձնի Ռուսաստանին» կամ «Բելառուսում տեղակայված կլինի ռուսական ռազմաբազա»:

Այնուամենայնիվ, Ալեքսանդր Լուկաշենկոն, Նարովլյա մարզ կատարած այցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում բացատրել է, որ իր հայտարարած որոշումները վերաբերելու են բացառապես երկրի ներքին իրավիճակին և կպատասխանեն այն հարցին, թե ինչ կլինի, եթե իշխանությունների հակառակորդներին հաջողվի սպանել նախագահին:

«Ասացեք, եթե վաղը նախագահ չլինի, դուք երաշխավորո՞ւմ եք, որ ամեն ինչ լավ կլինի: Ոչ: Հետևաբար, այս պարագայում ես առաջիկա օրերին հրամանագիր կստորագրեմ, թե ինչպես է կառուցվելու Բելառուսում իշխանությունը: Այդ հարցում լիազորված կլինի Անվտանգության խորհուրդը: Անհրաժեշտ է անհապաղ արտակարգ ու նույնիսկ ռազմական դրություն հայտարարել՝ մինչ սահմանին շարժ կնկատվի: Եվ Անվտանգության խորհուրդը պետք է որոշում կայացնի: Ուստի ես ասել եմ, որ կստորագրեմ այս հրամանագիրը և կորոշեմ, թե ով է կառավարելու երկիրը «եթե հանկարծ» իրավիճակում»,- ասել է Լուկաշենկոն:

Բացի այդ, բելառուս առաջնորդը հավելել է՝ դժվար թե առաջանա այդպիսի անհրաժեշտություն, բայց չպետք է կորցնել զգոնությունը:

«Ես պետք է կանխատեսեմ ամեն ինչ: Հետևաբար, այս հրամանագիրը կստորագրվի: Մենք իրականում կունենանք հավաքական նախագահ՝ Անվտանգության խորհրդի տեսքով: Այո՛, նախագահը կլինի, բայց երբ նախագահ չլինի, վարչապետը կգործի: Նա նախագահելու է, բայց բոլոր որոշումները կայացվելու են գաղտնի քվեարկությամբ, որպեսզի ճնշումներ չլինեն», – ընդգծել է Լուկաշենկոն և շեշտել՝ նման հրամանագիր ընդունելու որոշումը կայացվել էր շատ վաղուց: