«Դա ոչ մի կերպ չի արագացնի իմունիզացիայի գործընթացը». Մակրոնը բացատրել է՝ ինչու է «Սպուտնիկ V»-ի գնումն անիմաստ համարում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իմաստ չի տեսնում գնելու ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութը, քանի որ այն ոչ մի կերպ չի արագացնի իմունիզացիայի գործընթացը:

Նման տեսակետ է ֆրանսիացի առաջնորդը հայտնել CBS-ին տված հարցազրույցում:

«Այս փուլում ռուսական պատվաստանյութը մեր կարգավարող մարմինները չեն հաստատել: Հետևաբար, չեմ կարծում, որ այժմ այս դեղամիջոցը կարող է լուծում լինել պատվաստումների գործընթացն արագացնելու համար, քանի որ դեղերի եվրոպական գործակալությունից թույլտվություն ստանալու համար ժամանակ է պետք: Բացի այդ, ժամանակ է անհրաժեշտ նաև մեր մայրցամաքում այս դեղամիջոցն արտադրելու համար»,- ասել է Մակրոնը:

Նա նաև նշել է, որ այլևս բավական չէ մտածել միայն հարուստ երկրների պատվաստումների հետ կապված խնդիրների մասին:

«Կարծում եմ, որ մինչև հունիս մենք պետք է հնարավորինս շատ պատվաստանյութեր տրամադրենք Աֆրիկայում բուժաշխատողներին պատվաստելու համար: Դա այնքան էլ շատ չէ, բայց այդ մարդիկ քրտնաջան աշխատում են, և դա այն է, ինչ մենք կարող ենք անել: Միևնույն ժամանակ, պետք է պատվաստանյութերով պաահովենք Լատինական Ամերիկայի բուժաշխատողներին»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահը և հավելել՝ ամռանից հետո նման մատակարարումները թիվը կարող է ավելացվել: