«Սա շատ վտանգավոր իրավիճակ է. ԵՄ-ն ՌԴ-ին կոչ է անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից». Բորել

Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանին հետ կանչել իր զորքերը ուկրաինական սահմանից:

Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գրում է Al Arabiya-ն:

«Մենք կքննարկենք Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակը, որտեղ ռուսական զորքերը տեղակայված են դաշտային զորավարժությունների համար: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, մենք Ռուսաստանին կոչ ենք անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից»,- ասել է Բորելը:

Միևնույն ժամանակ, նա նշել է՝ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև լարվածությունը շարունակում է աճել երկու երկրների հարաբերությունների շատ ոլորտներում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բորելը նախատեսում է այցելել Ուկրաինա և մասնավորապես Դոնբասի շփման գիծ:

Նշենք՝ Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին Մոսկվայի և Կիևի հարաբերությունները վատթարացել են: Ուկրաինայի իշխանությունները և արևմտյան երկրները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու համար: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ինքը ներքին ուկրաինական հակամարտության կողմ չէ, և շահագրգռված է, որ Կիևը դուրս գա քաղաքական և տնտեսական ճգնաժամից:

2014 թվականի ապրիլին Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ են սկսել ինքնահռչակ հանրապետությունների դեմ, որոնք իրենց անկախությունն էին հռչակել 2014-ի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո:

ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ հակամարտության զոհ է դարձել շուրջ 13 հազար մարդ:

Ներկայում քննարկվում է Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցը, այդ թվում՝ Մինսկում կայացած շփման խմբի հանդիպումների ժամանակ, որը 2014 թվականի սեպտեմբերից արդեն ընդունել է երեք փաստաթուղթ, որոնք կարգավորում են հակամարտության լարման սրման քայլերը:

Այնուամենայնիվ, նույնիսկ հակամարտության կողմերի միջև կնքված զինադադարի պայմանագրերից հետո հակամարտությունը դեռևս շարունակվում է: