Մալթան երկիր այցելած զբոսաշրջիկներից յուրաքանչյուրին ավելի քան 230 դոլար կտրամադրի

Մալթան, ձգտելով վերակենդանացնել իր զբոսաշրջային ոլորտը, մտադիր է օտարերկրյա զբոսաշրջիկներից յուրաքանչյուրին տրամադրել մինչև 200 եվրո (238 դոլար), եթե նրանք այս ամառ առնվազն երեք օր անցկացնեն միջերկրածովյան կղզում, հաղորդում է Reuters-ը։

Այս առաջարկի մասին, որը կսկսի գործել հունիսի 1-ից՝ կորոնավիրուսի սահմանափակումների չեղարկումից հետո, օրերս հայտնել է երկրի զբոսաշրջության նախարար Կլեյթոն Բարտոլոն։

Նրա խոսքով՝ 5-աստղանի հյուրանոցներ ամրագրող զբոսաշրջիկները կստանան 200 եվրո, 4-աստղանիում ամրագրողները՝ 150 եվրո, իսկ 3-աստղանիում սենյակ ամրագրողները՝ 100 եվրո:

Ակնկալվում է, որ առաջարկից կկարողանան օգտվել 35 000 օտարերկրյա այցելուներ։

Զբոսաշրջության համաշխարհային խորհրդի տվյալները ցույց են տալիս, որ այս ոլորտը կազմում է Մալթայի տնտեսության ավելի քան 27%-ը և COVID-19- համավարակը մեծ վնաս է հասցրել երկրի տնտեսությանը։

2019 թվականին երկիր են այցելել ավելի քան 2,7 մլն զբոսաշրջիկներ, սակայն 2020 թվականին այդ թիվն ավելի քան 80%-ով նվազել է: