ՀՅԴ-ն Հայոց ցեղասպանության հարցում ակնկալում է ԱՄՆ դիրքորոշման փոփոխություն. Կիրո Մանոյան

Հայոց ցեղասպանության տարելիցին այս տարի ավելի մեծ հավանականություն կա, որ ԱՄՆ գործադիր իշխանությունը կփոխի իր դիրքորոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյան:

«Նախկինում ԱՄՆ գործադիր իշխանությունը կասկածի տակ էր առնում Ցեղասպանության փաստը: Ժամանակի ընթացքում փոխվեցին և այլևս կասկածի տակ չեն դնում: Այժմ պարզապես խուսափում են «ցեղասպանություն» բառն օգտագործելուց: ԱՄՆ նոր նախագահի, նրա վարչակազմի ու Կոնգրեսի երկու պալատների որոշումները ցույց են տալիս, որ այդ փոփոխությունը կշարունակվի: Կարծում եմ այս տարի հավանականությունն ավելի է, սակայն ներկա զարգացումները կարող են խանգարել»,-մանրամասնեց Մանոյանը՝ նկատելով, որ Հայաստանում որոշ պաշտոնյաների հայտարարությունները Թուրքիայի առնչությամբ կարող են ԱՄՆ գործադիր իշխանության կողմից ընկալվել որպես երկկողմ գործընթաց և գուցե «որոշեն չխանգարել»:

Անդրադառնալով ներկա իրողություններում Հայ դատի հանձնախմբերի անելիքներին ու աշխատանքների ընթացքին, Մանոյանը տեղեկացրեց, որ  մասնավորապես Միացյալ Նահանգներում, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն աշխատում է՝ և Արցախի խնդրով, և Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

«Ներկայում Հայ համայնքի կողմից, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների անդամների նախաձեռնությամբ ԱՄՆ նախագահին դիմումներ են ուղղվել՝  Ցեղասպանության նկատմամբ կեցվածքը փոխելու պահանջով»,-ասաց Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ պետք է պետական հայեցակարգ լինի, որում  հստակ ամրագրված կլինեն Ցեղասպանության  ճանաչման նպատակները, պահանջներն ու դրանց հասնելու ճանապարհը:

«Համաշխարհային քաղաքական մտածողության մեջ ձևավորվել է մոտեցում, ըստ որի՝ չի կարելի մարդկության դեմ ոճիր իրագործել և միայն ներողությամբ ավարտել գործընթացը: Պետք է լինեն տարբեր ձևերի ու չափերի հետևանքներ»,-ասաց Մանոյանը՝ նշելով, որ մասնավորապես՝ Թուրքիայի կողմից  Հայոց ցեղասպանության անկեղծ ճանաչումն ու ներողությունը՝ հաջորդող համապատասխան քայլերով, կարող են տարածաշրջանում արդար խաղաղության ու կայուն գործընթացների հիմք հանդիսանալ:

Խոսելով տարածաշրջանային ներկա գործընթացների և զարգացումների համատեքստում՝ Հայաստանի առաջնահերթությունների մասին՝ Մանոյանը կարծիք հայտնեց, որ կենսական նշանակություն ունի երկրի դերակատարության բարձրացումը:

«Այնպես չլինի, որ Հայաստանի հաշվին ուրիշները որոշեն ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը: Պետք է լինի այնպիսի իշխանություն, որը կներկայացնի Հայաստանը՝ և հարևան երկրներում, և միջազգային հանրության առջև»,-ասաց Մանոյանը: Բանախոսի կարծիքով՝  ներկա  պայմաններում և իշխանությամբ,  Հայաստանը տարածաշրջանային դերակատար չէ:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ու մադրիդյան սկզբունքներով Արցախյան հիմնախնդրի կարգավորման արդիականությանը՝ բանախոսը նշեց, որ ըստ Թուրքիայի և Ադրբեջանի՝ այդ ձևաչափերն անցյալում են, մինչդեռ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները մադրիդյան սկզբունքներն անցյալ չեն համարում:

«Հնարավոր է, որ ինչ-որ իմաստով անցյալ են, որովհետև այդ սկզբունքներով նախատեսվող որոշ փոփոխություններ արդեն տեղի են ունեցել, ինչպես նաև՝ ոտնակոխ է եղել առանց ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման՝ խնդրի կարգավորման սկզբունքը:  Այդուհանդերձ՝ համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան համարում են, որ խնդիրը չի կարգավորվել: Դրա համար անհրաժեշտ են բանակցություններ: Տարբերությունը միայն Ռուսաստանի դիրքորոշման մեջ է, որը համարում է, որ առայժմ պետք չէ բարձրացնել Արցախի կարգավիճակի հարցը»,-նշեց Մանոյանը:

Նրա խոսքով, Արցախի հիմնախնդրի էությունը կարգավիճակի հստակեցումն է: «Սակայն ներկա իրավիճակում առկա են նաև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու, Հայաստանի հետ ընդհանուր սահման ունենալու հարցեր և մարդասիրական խնդիրներ,  մասնավորապես՝ գերիների վերադարձ, տեղահանվածների իրավունքների վերականգնում»,- ասաց Մանոյանը՝ հավելելով, որ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները, որոնք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից են, հայտարարում են, որ բանակցությունները չեն ավարտվել: Այս պարագայում պետք է աշխատանքներ տարվեն նաև անվտանգության խորհրդի մյուս մշտական անդամ երկրների հետ: