Բայդենն ի տարբերություն Թրամփի՝ Արցախը Պուտինին չի զիջի. ի՞նչ է առաջարկում ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանը

ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Դանիել Բայերը «Foreign policy»-ի կայքում «Բայդենը կարող է օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղություն հաստատել. ահա, թե ինչպես» վերտառությամբ հոդված է հրապարակել։

Բայերը ներկայացրել է 4 հիմնական քայլեր, որոնց միջոցով Վաշինգտոնը կարող է օգնել հակամարտող կողմերին հակամարտության վերջնական ավարտին հասնելու համար:

Առաջին հերթին Վաշինգտոնը պետք է ճնշում գործադրի զինադադարի իրագործման ուղղությամբ՝ անդրադառնալով նաև կողմերի հաշվետվողականությանը։ Չնայած այդ համաձայնագիրն իդեալական չէ, բայց առայժմ հրադադարի ռեժիմի պահպանման համար չկա կարճաժամկետ այլընտրանքային տարբերակ։ Երկրորդ՝ Վաշինգտոնը պետք է աջակցի մարդասիրական և վերաբնակեցման աշխատանքների հարցում: Շատ հաճախ, երբ զենքերը լռում են, ուշադրությունը տեղափոխվում է այլ խնդիրների ուղղությամբ: Երրորդ՝ մշակել տարածաշրջանային տնտեսական զարգացման ռազմավարություն: Ապագա անդրսահմանային համագործակցությունը խթանելու ամենահավանական լծակը տարածաշրջանային տնտեսական նոր ռազմավարությունն է՝ ներառյալ ենթակառուցվածքների զարգացումը, որը կարող է ներգրավել միջազգային ներդրումներ Հայաստանի, Ադրբեջանի և հարևան Վրաստանի տնտեսությունների ամրապնդման համար։ Չորրորդ՝ նոր թափ պետք է հաղորդել դիվանագիտությանը: Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը պետք է ունենա դեսպանի աստիճան: Վաշինգտոնը պետք է Մոսկվայի հետ բանակցություններ սկսի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի շուրջ, որը կվավերացնի նոյեմբերի 9-ի զինադադարը և կոչ կուղղի լիարժեք խաղաղության համաձայնագիր կնքելու համար:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը շատերի համար անհնարին է թվում: Ըստ Դանիել Բայերի՝ խնդրի կարգավորմանը խթանելու ԱՄՆ լուրջ ջանքերը հնարավորություն են՝ ցույց տալու, թե ինչպիսին է արժեքներով պայմանավորված արտաքին քաղաքականությունը:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ առաջարկվող տարբերակը միակն է հրադադարը կայուն դարձնելու  համար: «Եթե ուշադիր հետևենք այդ կետերի տրամաբանությանը, ապա այս հրադադարի իրավիճակը դիտարկվում է որպես  կարճաժամկետ հատվածում այլընտրանք չունեցող։ Կարճաժամկետ բառը հուշում է, որ գոյություն ունեցող  շփման գիծը չի կարող հանդիսանալ հիմք խաղաղ կարգավորման համար։ Դրա տակ նկատի է  առնվում այն, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Շուշիից ու Հադրութից, Մատաղիսի հատվածից։ Խոսքը գնում է այնպիսի ամուր ու միջազգային իրավունքի նորմերին ու Մինսկի խմբի կատարած աշխատանքի ողջ տրամաբանությանը համապատասխանող  որոշման մասին, որը կարող է իսկապես երկարատև  խաղաղություն ապահովել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝  հոդվածի մեջ խոսք է գնում  նաև այն մասին, որ ի տարբերություն Թրամփի վարչակազմի, որը համարում էր, որ Արցախի հարցը կարելի էր հանձնել Ռուսաստանին, և որը աջակցեց, որպեսզի Լավրովի պլանը հայտնվի բանակցային սեղանին որպես այլընտրանք Մադրիդյան սկզբունքներին, Բայդենն այլ քաղաքականություն ունի. «Իսկ Լավրովի պլանը նորություն չէ, այն հայտնվել էր դեռ 1997 թվականին և մերժվել Հայաստանի կողմից, և որի արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանն այդ ժամանակ հրաժարական տվեց։ Այսինքն՝ այդ  դիրքորոշմանը վերջ է տրվում ու Բայդենի վարչակազմին կոչ է  արվում արցախյան հարցում գրավել ավելի կտրուկ, ավելի ակտիվ ու հարձակողական դիրքորոշում ու հետ բերել այն ամենը, ինչ Թրամփը զիջել էր Ռուսաստանին։ Հոդվածում առաջարկի այդ հատվածում հենց այս մասին է խոսք գնում»։

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ այժմ կա շահերի համընկնում. «ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու հայ ժողովրդի շահերը համընկնում են։ Այդ երկու գերտերությունները Արցախի կարգավորման հարցում պնդում են արդար լուծում, ու դա ի  նպաստ մեր ժողովրդի է։ Դա զրոյացնում է  Ադրբեջանի՝ ռազմական ճանապարհով բոլոր ձեռքբերումները։ Նման մոտեցումը մեր հանրության ու սփյուռքի կողմից  դիտարկվելու է  որպես մեր շահերին համապատասխանող քաղաքականություն։ Դա երկարատև քաղաքականություն է։ Ի տարբերություն Թրամփի վարչակազմի մոտեցումների, որը ցանկանում էր Արցախի կարգավորման հարցը զիջել Ռուսաստանին, տեսանք, որ Բայդենը, մինչ այդ էլ Մակրոնը նման մոտեցում չունեն, ու իրենք վճռական են այդ քաղաքականությունը առաջ տանելու հարցում։ Հայաստանի իշխանությունները ադեկվատ չեն այդ քաղաքականությանը ու այսօր հանդիսանում են նաև հակառակ գործողություն իրականացնող, մեր  ազգային շահերին հակառակ քայլեր իրականացնող։ Դա բոլորը տեսնում են, մտահոգված են, ու դրա հետ կապված 7 կուսակցություններ հանդես կգան հայտարարությամբ»,- եզրափակեց նա։