ԱՄՆ պետքարտուղարության զեկույցն անդրադառնում է 44-օրյա պատերազմի հետևանքներին

Մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույցում, որը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ-ը պաշտոնապես է հաստատում Թուրքիայի մասնակցությունը պատերազմին և ուշագրավ ձևակերպում տալիս պատերազմի հետևանքների վերաբերյալ:

«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերականգնեց վերահսկողությունը չորս հարակից շրջանների նկատմամբ, որոնք անջատողականների կողմից վերահսկվում էին 1994 թվականից ի վեր, Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին կնքված հրադադարը ապահովեց ևս երեք շրջանների խաղաղ վերադարձն Ադրբեջանին, ինչպես նաև ռուս խաղաղապահների տեղակայումը»,- նշված է զեկույցում։

Զեկույցում նշվում է, որ 44 օրերի թեժ մարտերի ընթացքում ապօրինի մահապատիժներ են եղել, ռազմական գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հրետանային ու հրթիռային հարվածներ հասցվել խաղաղ բնակավայրերին: Հղում անելով միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ զեկույցում Ադրբեջանի կողմից իրականացված արարքների օրինակներ է բերվում.

Հոկտեմբերի սկզբին սոցցանցերում հայտնվեց երկու տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինվորականները գերեվարված երկու հայի Հադրութում նսեմացնում ու մահապատժի են ենթարկում: Հայաստանի իշխանությունները հաստատեցին նրանց ինքնությունը՝ որպես Բենիկ Հակոբյան և Յուրա Ադամյան: Նրանց առևանգողներից մեկի գլխին մի սաղավարտ էր, որը կրում են ադրբեջանական հատուկջոկատայինները»,- ասված է զեկույցում:

ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը հղում է անում Amnesty International-ի այն զեկույցին, որը հիմնված է սոցցանցերում հրապարակված 22 տեսանյութերի վրա:

«Amnesty International-ը զեկույց է հրապարակել՝ հիմնված սոցցանցերում տարածված 22 տեսանյութերի վրա, որտեղ պատկերված են իրականացված վայրագությունները: Այդ տեսանյութերից մեկում փաստագրված է քաղաքացիական երկու հայ բնակիչների գլխատումը ադրբեջանցի զինվորականների կողմից»,- ասված է զեկույցում:

Հրթիռահրետանային միջոցների, կասետային զինամթերքի, անօդաչու թռչող սարքերի կիրառմանն անդրադառնալիս՝ զեկույցում հատուկ նշվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մասին:

«Human rights watch-ը քննադատության է ենթարկել ադրբեջանական զինուժին Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ շարունակաբար զենք կիրառելու համար: Հաստատվել է Ստեփանակերտում կասետային զինամթերքի կիրառման մասին տեսանյութերի հավաստիությունը: Դրանք հրապարակվել են հոկտեմբերի սկզբին, որոնցում հաստատված է իսրայելական արտադրության կասետային զինամթերքի առկայությունը, որ կիրառվել է ադրբեջանական զինուժի կողմից: Ականազերծման HALO կազմակերպությունը ևս հաստատել է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման օպերացիաներում կասետային զինամթերքի օգտագործումը»,- գրված է զեկույցում:

ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվում է նաև ԼՂՀ կարգավիճակին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին: Մասնավորապես նշվում է, որ 1995 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագությամբ ընթացող միջազգային միջնորդության առարկա է: