Rolls-Royce-ը 2020-ին 4 մլրդ ֆունտ ստերլինգի կորուստ է ունեցել

Ինքնաթիռների, ծովային և էներգետիկ սարքավորումների, մեքենաների բրիտանական արտադրող Rolls-Royce-ը  2020 թվականը փակել է 4 միլիարդ ֆունտ ստերլինգ վնասով, այնինչ մեկ տարի առաջ ընկերությունը 583 միլիոն ֆունտ ստերլինգ շահույթ էր ունեցել: Ընկերության տարեկան հասույթը 15,5 միլիարդ ֆունտից նվազել է 11,8 միլիարդի: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:

Ինչպես հայտարարել է Rolls-Royce-ի ղեկավարը՝ ներկայացնելով ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունները, «2020 թվականն աննախադեպ տարի էր»: Ամենաշատը տուժել է ավիացիոն սարքավորումների բաժինը: Rolls-Royce-ն ավիաընկերություններից վճարումներ է ստանում իր արտադրած շարժիչների թռիչքային ժամերի քանակի համար: Քանի որ համավարակի պատճառով 2020 թվականին թռիչքները քիչ էին, եկամուտները չափազանց ցածր են եղել: Ընկերությունը ստիպված էր դիմել 9000 աշխատատեղ կրճատելուն և 5,3 միլիարդ ֆունտ ստերլինգ լրացուցիչ ֆինանսավորում ներգրավելուն: Rolls-Royce-ը մտադիր է 2 մլրդ ֆունտի ակտիվներ վաճառել այս տարի՝ պարտքի մի մասը մարելու  համար:

Ընկերության արժեթղթերը, որոնք համավարակի մեկնարկից ի վեր կորցրել են արժեքի 38%-ը, դրական են արձագանքել ֆինանսական հաշվետվությունների հրապարակմանը և Լոնդոնի ֆոնդային բորսայում առավոտյան առևտրի ընթացքում 1% աճ գրանցել: