ԱՄՆ-ը կրկին մուտքի որոշ սահմանափակումներ է մտցնում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին մուտքի սահմանափակումներ կմտցնի Բրազիլիայից, Իռլանդիայից, Մեծ Բրիտանիայից և Եվրոպական 26 երկրներից ԱՄՆ մեկնող բոլոր նրանց համար, ովքեր ԱՄՆ-ի քաղաքացի չեն: Դոնալդ Թրամփն իր նախագահության վերջին օրերին մեղմացրել էր մի շարք երկրների հետ ավիահաղորդակցության սահմանափակումները:

Reuters լրատվական գործակալությունը փոխանցում է, որ նշված երկրներին կավելանա Հարավաֆրիկյան Հանրապետությունը` կորոնավիրուսի նոր շտամի տարածումը կանխելու համար: ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող բոլոր անձինք, ովքեր վերջերս եղել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում, չեն կարող մուտք գործել ԱՄՆ:

Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Ջո Բայդենը կորոնավիրուսի դեմ կոշտ պայքարի մոտեցում է որդեգրել: Նա պարտադիր է դարձրել պաշտպանիչ դիմակների կրումն ամենուր:

Հիշեցնենք` ԱՄՆ-ն կորոնավիրուսով հիվանդացության և մահվան դեպքերի թվով գտնվում է աշխարհում առաջին հորիզոնականում: Worldometers կայքի տվյալներով` այնտեղ մինչև օրս հաստատվել է COVID-19-ի 25.702.125 դեպք, որոնցից 429.490-ը` մահվան ելքով:

shantews.am