Պոմպեոն COVID-19-ի առաջացումը կապել է չինական լաբորատորիաների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հրապարակել է տեղեկատվություն՝ ի հաստատում այն ենթադրությունների, որ կորոնավիրուսային պանդեմիան կարող էր առաջանալ չինական լաբորատորիաներում։

Պոմպեոն իր հայտարարությունը հասցեագրել է ԱՀԿ տեսուչներին, ովքեր այս շաբաթ Չինաստան են ժամանել՝ վիրուսի ծագման պատճառները հետաքննելու համար։

Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ը հիմքեր ունի կարծելու, որ Վարակաբանության Ուհանի ինստիտուտի մի քանի հետազոտողներ կորոնավիրուսով են հիվանդացել դեռևս 2019 թվականի ամռանը՝ COVID-19-ի առաջին գրանցված դեպքից առաջ։

Պոմպեոն նշում է, որ ինստիտուտն առնչություն ունի ռազմական հետազոտությունների հետ։ Նրա խոսքով՝ առնվազն 2016 թվականից այնտեղ ուսումնասիրվել է չղջիկների RaTG13 կորոնավիրուսը, որն ավելի քան 96 տոկսով նման է COVID-19-ին։

«COVID-19-ի համավարակից կարելի էր խուսափել։ Յուրաքանչյուր պատասխանատու երկիր բռնկումից հետո մի քանի օրերի ընթացքում Ուհան կհրավիրեր առողջապահության ոլորտի համաշխարհային փորձագետներին»,-ասել է Պոմպեոն՝ կրկին կոչ անելով ԱՀԿ փորձագետների համար ապահովել հասանելիություն բոլոր օբյեկտներին, լաբորատոր տվյալներին, ոլորտի ներկայացուցիչներին։

shantnews.am