
Աշխարհում այս պահին COVID-19-ի ակտիվ վարակակիր է համարվում ավելի քան 24.5 միլիոն մարդ: Մինչև օրս արձանագրվել է կորոնավիրուսի 93.5 միլիոն դեպք: Վիրուսից մահվան դեպքերը գերազանցել են 2 միլիոնը: Այս մասին են վկայում Worldometers կայքի տվյալները:
Միևնույն ժամանակ Չինաստանի Հեբեյ նահանգում արդեն մի քանի օր է` օրական 100-ից ավելի նոր դեպք է գրանցվում: The Guardian պարբերականի փոխանցմամբ` սա վերջին 10 ամսվա ընթացքում դեպքերի ամենամեծ աճն է: Հեբեյ նահանգի իշխանությունները մի քանի քաղաքներում լոքդաուններ են հայտարարել, սկսել են զանգվածային թեստավորումներ կատարել, նահանգում տեղաշարժվելու սահմանափակումներ են մտցրել:
Ի դեպ, երեկ Հեբեյում գրանցվել է 8 ամսվա ընթացքում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: