ԱՄՆ-ում կորոնավիրուսի երկու նոր շտամ են հայտնաբերել

Օհայո նահանգի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները հայտարարել են կորոնավիրուսի երկու նոր շտամների հայտնաբերման մասին, որոնք ձևավորվել են Միացյալ Նահանգների տարածքում: Նրանցից մեկն ավելի վարակիչ է, քան նախկինում հայտնի վիրուսի տեսակները, հաղորդում է NBC4i հեռուստաալիքը:

Մեկ շտամը նման է «բրիտանականին»։  Այն հայտնաբերել են Օհայո նահանգի հիվանդի մոտ։ Երկրորդ շտամում հայտնաբերվել է երեք գենետիկ մուտացիա։ Այս շտամը հայտնաբերվել է Կոլումբուսում և բառացիորեն երեք շաբաթվա ընթացքում դարձել է քաղաքում վիրուսի գերիշխող տարբերակը: Գիտնականները կարծում են, որ այն ավելի վարակիչ է, քան նախկինում հայտնի պաթոգենի տեսակները:

«Այս պահին մենք չունենք բավարար տեղեկատվություն, որպեսզի համարենք, որ այդ մուտացիաները որևէ ազդեցություն կունենան պատվաստանյութերի արդյունավետության վրա, որոնք այժմ օգտագործվում են»,- հայտարարել է համալսարանի բժշկական կենտրոնի գլխավոր գիտաշխատող Պիտեր Մոլերը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են կորոնավիրուսի մուտացված տարբերակը, որը 70 տոկոսով ավելի արագ է տարածվում, քան սովորականը: Հետազոտողներն առայժմ դժվարանում են ասել, որ նոր շտամը վտանգավոր է հիվանդության ընթացքի ծանրության և մահացության տեսանկյունից:

shantnews.am