Նյու Յորքում գրանցվել են կորոնավիրուսի «բրիտանական» շտամով վարակման դեպքեր

Նյու Յորքում արձանագրվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամով վարակման երկու դեպք, հիվանդներից մեկը վերջերս գտնվել է Մեծ Բրիտանիայում:  «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝  հաղորդել է New York Daily News-ը:

«Ես շատ մտահոգված եմ ստեղծված իրավիճակով, մենք այժմ հասել ենք մի փուլի, երբ պատվաստանյութերի ի հայտ գալու հետ կապված իրավիճակը փոխելու հնարավորություն կա, և այժմ մենք պետք է զբաղվենք այս նոր խնդրով», – թերթը մեջբերում է քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի խոսքերը: Նա քաղաքի բնակիչներին, հատկապես քրոնիկ հիվանդություններով տառապողներին հորդորել է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել: Քաղաքապետի խոսքով՝ քաղաքում կորոնավիրուսի տարածմանը հետևելու համար ստեղծված հատուկ խմբի անդամներն արդեն կապվել են այդ շտամն ունեցող մարդկանց հետ:

Նրանցից մեկն ապրում է Մանհեթենում, երկրորդը՝ Քուինսում, Նյու Յորք:

«Անհրաժեշտ է անհապաղ արգելք դնել Միացյալ Թագավորության հետ օդային տրանսպորտի վրա, ահա ապացույցները. մի մարդ, ով այցելել է Միացյալ Թագավորություն, այժմ վիրուսի այս տեսակն է բերել այստեղ: Մենք պետք է վերջ տանք դրան», – մեջբերում է թերթը Նյու Յորքի քաղաքապետի խոսքերը։

Համաձայն ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 22,8 միլիոն դեպք, մահացել է 381,5 հազար մարդ, այդ թվում ՝ 40 հազարը Նյու Յորք նահանգում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայում հայտնաբերվեց SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիան։ Ավելի ուշ Միացյալ Թագավորության Խորհրդատվական խորհուրդը նոր և զարգացող շնչառական վիրուսային սպառնալիքների վերաբերյալ հաստատեց, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում է ավելի արագ տեմպերով և պահանջում է էլ ավելի զգուշություն բնակչության կողմից: Չնայած վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատականների, կարող է 70% -ով ավելի վարակիչ լինել, քան սովորականը, սակայն դա չի նշանակում, որ այն ավելի վտանգավոր է մահվան կամ հոսպիտալացման տեսանկյունից:

Ավելի վաղ Հարավային Աֆրիկայի առողջապահության նախարարությունը ևս հաղորդել էր, որ գենետիկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա ՝ 501.V2 անվանումով:

Իրավաբան.net