Twitter-ը մեկընդմիշտ արգելափակել է Թրամփի օգտահաշիվը

Twitter սոցցանցը մեկընդմիշտ արգելափակել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը։ Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Դոնալդ Թրամփի օգտահաշվից արված վերջին թվիթների մանրակրկիտ ստուգումից հետո, թե ինչպես են դրանք ընկալվում Twitter-ում և դրա սահմաններից դուրս, մենք մեկընդմիշտ արգելափակել ենք նրա օգտահաշիվը»,-հայտարարել են Twitter-ում։

Սոցցանցի ղեկավարությանը նման որոշման էին մղել անկարգությունները, որոնք իրականացրել են Թրամփի կողմնակիցները հունվարի 6-ին։ Հաջորդ օրն ընկերությունը ժամանակավորապես՝ 12 ժամով արգելափակել էր Թրամփի օգտահաշիվը և պահանջել հեռացնել 3 գրառումները, որոնք խախտել են սոցցանցի օգտագործման կանոնները և կարող են բռնության հրահրման առիթ հանդիսանալ։

Թրամփը քննադատել է իր օգտահաշվի մեկընդմիշտ փակման որոշումը՝ նշելով, որ Twitter-ն իրեն չի ստիպի լռել։ Այդ թվիթը նույնպես ջնջվել է։ Ներկայում բանակցություններ են ընթանում տարբեր կայքերի հետ, որտեղ կհրապարակվի «մեծ հայտարարություն»։

shantnews.am