ԱՄՆ Թենեսի նահանգի մայրաքաղաք Նեշվիլում տեղի ունեցած պայթյունի հավանական պատճառը կարող է լինել ռումբը: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, ուրբաթ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է քաղաքապետ Ջոն Կուպերը:
«Նախնական տվյալները մատնացույց են անում այն, որ մեր քաղաքում ռումբի կանխամտածված պայթյուն է տեղի ունեցել»,- ասել է նա:
Քաղաքապետի խոսքով՝ տեղի ունեցածը նպատակ է ունեցել «վախ և սարսափ առաջացնել հույսի այս ժամանակում»: «Մենք չենք հանգստանա, քանի դեռ այս վախկոտ և աղաղակող հարձակման պատասխանատուները չեն կանգնել դատարանի առջև»,- ասել է Կուպերը:
Միևնույն ժամանակ Նեշվիլի քաղաքապետը հայտնել է, որ պայթյունի հետևանքով հոսպիտալացված 3 անձանց վիճակը գնահատվում է կայուն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Թենեսի նահանգի մայրաքաղաք Նեշվիլում պայթյուն է որոտացել: Նեշվիլի ոստիկանությունը թվիթերյան իր էջում հաղորդել է, որ ուրբաթ 06:30-ին՝ Երևանի ժամով 16:30-ին, քաղաքի կենտրոնում ֆուրգոն է պայթել:
Նշվում է, որ պայթյունի վայրում իրավապահ մարմինները հայտնաբերել են մարդու մնացորդներ: Ավելի վաղ իրավապահները չէին բացառում, որ քաղաքի կենտրոնում պայթած ֆուրգոնում կարող է մարդ լինել:
Պատահարի հետևանքով 3 մարդ է տուժել, որոնք հոսպիտալացվել են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել կանխամտածված գործողությունների հետևանքով:
Պայթյունը հանգեցրել է կապի զանգվածային խափանումները, ինչի հետևանքով անջատվել է ոստիկանության արտակարգ օգնության համակարգը: