ՌԴ-ում մի շարք դպրոցներից հայոց լեզվի դասաժամերը հանվել են. այս հարցն անհապաղ լուծում է պահանջում

ՌԴ-ում մի շարք դպրոցներից հայոց լեզվի դասաժամերը հանվել են. այս հարցն անհապաղ լուծում է պահանջում

168.am-ը գրում է․ Սփյուռքահայ գաղթօջախներում միշտ կա հայապահպանության խնդիրը, իսկ դրա համար ոչ միայն հայեցի դաստիարակությունը, այլ նաև հայերենին տիրապետելն է կարևոր: Սակայն, պարզվում է, որ, օրինակ, Ռուսաստանում չկան ամենօրյա հայկական դպրոցներ, դասագրքերի հարցն էլ օդում կախված է:

Այս և այլ խնդիրների հետ կապված 168.am-ը զրուցել է Կրասնոդարի պետական լրացուցիչ կրթության «Ցենտրալնի» ստեղծագործական զարգացման կենտրոնի հայրենագիտության ուսուցչուհի Կարինե Կատանյանի հետ, ով 2012 թվականից հեղինակել է Հայոց լեզվի ուսումնական ձեռնարկներ, որոնք հատուկ հրամաններով երաշխավորվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ որպես Սփյուռքի հայկական դպրոցների դասագրքեր:

– Երկար ժամանակ է՝ բնակվում եք ՌԴ-ում, դասավանդում եք հայոց լեզու: Տեղյակ եմ, որ ինքներդ եք ծրագիր կազմում՝ դասավանդելու համար. բարդ չէ՞ և ինչո՞ւ ՀՀ-ում հաստատված ուսումնական ծրագրով չեք առաջնորդվում:

– Սփյուռքում դասավանդումը խիստ տարբերվում է Հայաստանի դպրոցների դասավանդումից, որովհետև այստեղ հայերենը ցավալի է, բայց երեխաների համար համարվում է օտար, երկրորդ լեզու: Դա է պատճառը, որ ամբողջովին տարբերվում է նաև դասավանդման մեթոդը, այսինքն, ուսուցանվում է՝ որպես երկրորդ լեզու, բայց այս դեպքում էլ կան խնդիրներ, որոնք լուծում են պահանջում:

Ծրագիրը դեռ բավական չէ՝ սփյուռքում դասավանդելու համար: Կան երեխաներ, որոնք հաճախում են հայերենի դասերի, լավ խոսում են, գրում, կարդում, և նրանց ավելի խորացված պետք է ուսուցանել հայոց լեզուն, հայոց պատմությունը, ծանոթացնել մշակույթին, բայց կան երեխաներ, ովքեր խոսում, տիրապետում են լեզվին, բայց գրել-կարդալ չգիտեն, և նպատակն է՝ զարգացնել գրավոր խոսքը: Սա, իհարկե, այլ մոտեցում է պահանջում:

Լինում են նաև երեխաներ, ովքեր հասկանում են, բայց չեն խոսում կամ ընդհանրապես չեն խոսում: Այսինքն՝ մեկ ընդհանուր ծրագիրը չի կարող բավարարել բոլորի ցանկությունները: Դա է պատճառը, որ, իրոք, խնդիրներ կան, և դրանք պետք է լուծել:

Դասավանդելու համար ծրագրերն անձամբ եմ կազմում, քանի որ աշխատում եմ պետական համակարգում: Նշեմ, որ Կրասնոդարում 3 տարբեր շրջաններում բացվել են հայերենի դասեր, հայ ուսուցիչներն անվճար պարապում են երեխաների հետ, իհարկե, շնորհակալություն Ռուսաստանի Դաշնությանը, որ տալիս է նման հնարավորություն, մենք ստանում ենք նաև պետական աշխատավարձ՝ նրանց առաջ քաշած պայմանները կատարելու համար:

Այսինքն, ծրագիրը, ամեն ինչ պետք է արվի իրենց չափանիշերով: 12 տարի է՝ հայերեն եմ դասավանդում, հիմնականում ռուսախոս երեխաներ են դիմում, և իմ կազմած ծրագիրը համապատասխանում է նրանց պահանջներին:

Կրասնոդարում չկա հանրակրթական դպրոց, որտեղ ուսուցանվում է հայոց լեզու, սակայն կա երկու հայկական եկեղեցի, որոնց կից՝ կիրակնօրյա դպրոցներ, որտեղ շատ լավ կազմակերպվում է հայերենի ուսուցումը, հայերի միության «Մաշտոց» դպրոցը, և, իհարկե, լրացուցիչ կրթության այս համակարգը:

Ծրագիրը կազմել ենք Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային հայկական ազգային ինքնավարության Պաշկովկայի դպրոցի ուսմասվար, բանասիրական գիտությունների թեկնածու Երազիկ Հարությունյանի հետ՝ պետական համակարգի չափորոշիչների համաձայն:

Այն 8 տարվա ծրագիր է, բաժանված է տարիքային 3 խմբի՝ «Փոքր Մհեր» (5-8 տարեկանների համար), «Սասունցի Դավիթ» (8-15 տարեկանների համար) և «Մեծ Մհեր» (15-ից բարձր տարեկանների համար)՝ 3-ական և 2 տարի տևողությամբ:

Այս ծրագիրը նրանով է յուրահատուկ, որ կուրսը կարելի է ամբողջությամբ անցնել, այսինքն՝ մեկը մյուսին լրացնում է:

– Վերջերս հեղինակել եք նաև սփյուռքահայության համար միակ այբբենարանը: Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են օգտվել:

– «Սասունցի Դավիթ այբբենարանը» առայժմ միակ այբբենարանն է սփյուռքահայության համար, որը հրատարակվել է հայերենի բոլոր ուղղագրություններով՝ անգլերենի և ռուսերենի (արևելահայերեն ժամանակակից) հիմքի վրա։

Այդ մեծ գործի նախաձեռնությունն իր վրա էր վերցրել Լոնդոնի Գ Թահթաեան Կիրակնօրյա Ազգային վարժարանի տնօրինուհի Ռուզաննա Թաթուլյանը, որի հետ միասին մենք մոտ երկու տարի քրտնաջան աշխատել ենք՝ պահպանելով գրքի ընդհանուր բովանդակությունը և տեսքը։ Դա բավականին դժվար աշխատանք էր, որի մասին նույնիսկ պատկերացում չունեինք որոշումը կայացնելիս։

Սակայն մեր աշխատանքը բավականին հետաքրքիր ու բովանդակալից էր, և մենք հաճույքով այն հասցրեցինք իր ավարտին։ Այդ ընթացքում մեզ հետ էին Լոնդոնի Հայ Հիմնարկի արևելահայերենի դասախոս, գիտությունների դոկտոր (Doctor of Philosophy PHD) Գագիկ Ստեփան-Սարգիսյանը, Լոնդոնի Գ Թահթաեան Կիրակնօրյա Ազգային վարժարանի արևմտահայերենի ուսուցչուհիներ Լենա Գյուլխանճյանը, Սօսի Երիցյանը։ Էջադրումը և ձևավորումը Տատյանա Վոդյանայայինն է, որը նույնպես սրտացավորեն մոտեցավ այս գործին։

Դասագրքերի տպագրությունն իր վրա է վերցրել «Մարի հրատարակչություն» ՍՊԸ-ն, որպեսզի միանգամից տպագրվի Հայաստանում և ԿԳՄՍՆ-ի միջոցով տարածվի ամբողջ աշխարհում: Հարցի լուծումն ընթացքի մեջ է, պայմանագիրն արդեն կա ԿԳՄՍՆ-ի հետ: Սա, ինչ-որ տեղ, իմ երազանքի կատարումն էր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում