Քանյե Ուեսթն ԱՄՆ նախագահական ընտրություններում կպայքարի ութ նահանգում

Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի անունն առաջիկա նախագահական ընտրություններում կհայտնվի երկրի ութ նահանգների քվեաթերթիկներում, գրում է Forbes-ը։

43-ամյա ռեփերը կմասնակցի Այդահո, Մինեսոտա, Թենեսի, Այովա, Արքանզաս, Կոլորադո, Օկլահոմա և Վերմոնտ նահանգներում քվեարկությանը:

Ինչպես գրում է աղբյուրը, միայն ութ նահանգներում ստացած քվեն Ուեսթին հնարավորություն չի տա ստանալ 270 ընտրիչների կոլեգիայի ձայնը, որոնք անհրաժեշտ են հաջող նախագահական արշավի և նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։

Ուեսթը նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել էր հուլիսին։ Հուլիսի վերջին նա Հարավային Կարոլինա նահանգում անցկացրել է իր աջակիցների հետ նախընտրական առաջին հանրահավաքը, որի ժամանակ բազմաթիվ սկանդալային հայտարարություններ էր արել։

Ինչպես ավելի վաղ նշել է հենց երաժիշտը, իր մասնակցությունն ԱՄՆ նախագահի ընտրություններին դատապարտված է ձախողման: Սակայն նա, դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենից «խլելով» աֆրոամերիկացիների ձայները, օգուտ կբերի Սպիտակ տան գործող ղեկավար Դոնալդ Թրամփին։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 3-ին։

Աղբյուրը՝ tert.am