Նյու Յորքի նահանգապետը կորոնավիրուսը «եվրոպական վարակ» է անվանել

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն Դեմոկրատական կուսակցության այս տարվա ազգային համագումարի առաջին օրը հանդես է եկել տեսաուղերձով, որում անդրադարձել է կորոնավիրուսին՝ այն «եվրոպական վարակ» անվանելով, գրում է South China Morning Post-ը:

«Մեր այժմյան դաշնային կառավարությունը դիսֆունկցիոնալ է և ոչ կոմպետենտ: Այն չկարողացավ պայքարել ընդդեմ վարակի և իրականում չնկատեց էլ դրա գալը: Եվրոպական վարակը վարակեց  հյուսիս-արևելքը, մինչդեռ Սպիտակ տունը դեռևս սևեռված էր Չինաստանի վրա»,-ասել է նահանգապետը:

Աղբյուրը նկատում է, որ Կուոմոն, որը գործող նախագահ Դոնալդ Թրամփի ամենաակտիվ ընդդիմախոսներից է, միտումնավոր է կորոնավիրուսը «եվրոպական վարակ» անվանել՝ անուղղակիորեն ընդգծելով այն փաստը, որ Թրամփը կորոնավիրուսը շատ հաճախ «չինական վարակ» է անվանում:

Չնայած, որ վարակն առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանում, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Նյու Յորքում տեղի ունեցած բռնկման պատճառը Եվրոպայից եկած զբոսաշրջիկներն են:

Հայտնի է, որ Նյու Յորքը համավարակից առավել տուժած նահանգն է, որտեղ գրանցվել է մահվան ավելի քան 32 000 դեպք:

Tert.am