«Թրամփը ժամանակավոր երևույթ դուրս կգա, որը, հուսամ, կավարտվի նոյեմբերին». Ջորջ Սորոս

Միլիարդատեր, լիբերալ ակտիվիստ Ջորջ Սորոսն իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ համավարակը համարում է «հեղափոխական» հնարավորություն։

Սորոսն իր վերոնշյալ հարցազրույցում նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «ժամանակավոր երևույթ», սակայն հույս հայտնել, որ COVID-19-ի պատճառով առաջ եկած ճգնաժամը թափ կտա քաղաքականության ծայրահեղական ուղղությանը։

«Ես կորակեի սա որպես հեղափոխական պահ, երբ հնարավորությունների շրջանակը շատ ավելի լայն է, քան սովորական ժամանակներում։ Ինչն անհնարին է նորմալ ժամանակներում, նման պահերի ոչ միայն հնարավոր է դառնում, այլև տեղի է ունենում։ Մարդիկ անորոշության ու վախի մթնոլորտում են։ Կարծում եմ՝ Թրամփը ժամանակավոր երևույթ դուրս կգա, որը, հուսամ, կավարտվի նոյեմբերին», – նշել է նա։

Սորոսը, ով վերջերս նշեց իր 90-ամյակը, զգուշացրեց, որ Թրամփը «շատ վտանգավոր է մնում»՝ քանի որ ամեն գնով փորձելու է պահպանել իշխանությունն ու խուսափել հետապնդումներից։ Իր «Բաց հասարակություն» հիմնադրամով մի շարք լիբերալ ու ձախ շարժումներ ֆինանսավորող գործիչը նաև անդրադարձավ ԱՄՆ-ի «զսպման ու հակակշիռների հիանալի ավանդույթներին»։