Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել` Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո չդադարող բողոքի ցույցերի ֆոնին

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը, մայրաքաղաքում տեղի ունեցած սարսափելի պայթյունից մոտ մեկ շաբաթ անց, հայտարարել է իր հրաժարականի մասին:

Ինչպես հայտնում է «Ալ-Ջազիրան», Դիաբն իր հրաժարականի մասին տեղեկացրել է հեռուստատեսությամբ դիմելով ժողովրդին` ասելով, որ եկել է եզրակացման, որ «կոռուպցիան Լիբանանում ավելի շատ է, քան պետությունը»:

Դիաբը հավելել է, որ «հետ քայլ է անում», որպեսզի կարողանա կանգնել ժողովրդի կողքին և նրանց հետ հավասար պայքարել փոփոխության համար:

Վարչապետը հայտարարել է ողջ կազմով կառավարության հրաժարականի մասին:  

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 200 մարդ է մահացել, ավելի քան 6000-ը վիրավորվել են: Ավելի քան 300 000 մարդ մնացել է առանց տանիքի:

Պայթյունի համար բացատրություն պահանջող լիբանանցիները բողոքի ցույցեր են իրականացնում ուրբաթ օրվանից ի վեր: Ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով 700 մարդ տարբեր վնասվածքներ է ստացել:

Tert.am