Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ՄԱԿ-ի 48 աշխատակից է տուժել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով ՄԱԿ-ի աշխատակիցներ են տուժել: Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տեղեկացրել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է ՄԱԿ-ի 48 աշխատակից և նրանց ընտանիքների 27 անդամ»,-ասել է Հաքը:

Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Լիբանանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ վիրավորները շատ-շատ են, ըստ ընթացիկ տվյալների՝ մոտ 4000: Զոհերի թիվը մոտ 80 է, այդ թվում՝ հայեր:

«Հոսպիտալները լեփ-լեցուն են, այն մարդկանց, որոնք վիրահատական միջամտության կարիք չունեն, պետք է տեղափոխել Բեյրութի կենտրոնում գտնվող հյուրանոցներ»,- նշել է նախարարը:

Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել:

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն կսահմանվի:

Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:

«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:

Բեյրությում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:

Աղբյուրը՝ tert.am