Հուլիսի 29-ից Ադրբեջանն ու Թուրքիան սկսում են զորավարժություններ նաև Հայաստանի հետ սահմանին

Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ կանցկացվեն, այդ թվում՝ Նախիջևանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։

Դրանք անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև Ռազմական համագործակցության մասին համաձայնագրով։ Համատեղ զորավարժություններին մասնակցելու են անձնակազմը, զրահատեխնիկան, հրետանու սարքերն ու ականանետները, նաև ռազմական ավիացիան ու երկու երկրների բանակների հակաօդային պաշտպանության միջոցները։

Զորավարժություններ են անցկացվելու նաև Հայաստանի սահմանի մոտ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացրած ծրագրի համաձայն՝ ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-ից 5-ը Բաքվում ու Նախիջևանում, իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10–ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում ու Եվլախում։

Նշենք, որ զորավարժությունները կանցկացվեն հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի ֆոնին։ Այս գիշեր ադրբեջանական դիպուկահարի կրակոցի հետևանքով Հայաստանի ԶՈՒ զինծառայող է մահացել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am