«Ադրբեջանի շարունակական բռնությունը հայ ժողովրդի նկատմամբ պետք է ավարտվի». ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ ռազմական օգնությունը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն կոչ է արել ԱՄՆ ղեկավարությանը դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության տրամադրումը: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:

«Մտքերս անմեղ հայերի հետ են, որոնք տառապում են այս բռնության հետևանքով: Ադրբեջանի շարունակական բռնությունը հայ ժողովրդի նկատմամբ պետք է ավարտվի: Ահա թե ինչու եմ ամեն տարի կոչ անում դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ամերիկյան ռազմական օգնությունը, որը նրան թույլ է տալիս շարունակել իր ագրեսիան»,- ասել է կոնգրեսականը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Սփիերը փոփոխությունների փաթեթ է ներկայացրել, որով նախատեսվում է վերանայել ԱՄՆ ռազմական օգնության ծավալները: Քվեարկությունը այս հարցով տեղի կունենա հուլիսի 20-ին:

tert.am