Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը «1934 թվականին թույլ տված պատմական սխալի ուղղում» է անվանել

Թուրքիայի իշխանությունները Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմամբ ուղղել են 1934 թվականին թույլ տված պատմական սխալը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է ria.ru-ն։

«Մենք կատարել ենք Թուրքիայի 83 մլն քաղաքացիների կամքը։ 1934 թվականին այն վերածել են թանգարանի։ Հիմա մենք ուղղում ենք այդ սխալը, դա մեր ինքնիշխան իրավունքն է»,- հայտարարել է Էրդողանը։

Նա ընդգծել է, որ Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածվել ոչ թե եկեղեցուց, այլ թանգարանից։

«Մենք թշնամանք չունենք այլ կրոնների ներկայացուցիչների նկատմամբ, ընդհակառակը՝ հարգում ենք նրանց։ Մենք 4-5 անգամ ավելի շատ պաշտամունքային կառույցներ ունենք ոչ մահմեդականների համար, քան Եվրոպայում՝ մուսուլմանների համար»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը։

Սուրբ Սոֆիայի կարգավիճակը որպես պետական թանգարան հաստատվել է 1934 թվականի նոյեմբերի 24-ի կառավարական որոշմամբ, որը ստորագրել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) ուրբաթ օրը չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։

1453թ․ Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ․ Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ․ տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

tert.am