«ԱՄՆ-ում ոստիկանության գործողությունների հետևանքով ավելի շատ սպիտակամորթ է զոհվում, քան սևամորթ». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով երկրում ռասայական խտրականության դեմ բողոքի ցույցերի մասին, հայտարարել է, որ ԱՄՆ-ում իրավապահների գործողությունների հետևանքով սպանվում են նաև սպիտակամորթ քաղաքացիներ, գրում է The Guardian-ը։

CBS News-ին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը պնդել է, որ ոստիկանների գործողությունների հետևանքով ԱՄՆ-ում ավելի շատ սպիտակամորթ է սպանվում, քան սևամորթ։

Լրագրողի այն հարցին, թե ինչու են ԱՄՆ-ում «ոստիկանության աշխատակիցների գործողությունների հետևանքով շարունակում սպանվել աֆրոամերիկացիներ», Թրամփը նկատել է, որ համաձայն չէ հարցադրման հետ։

«Սպանվում են նաև սպիտակամորթներ։ Ինչ սարսափելի հարց եք տալիս։ Սպանվում են նաև սպիտակամորթ ամերիկացիներ։ Ի դեպ, ավելի շատ, քան սևամորթներ»,- պատասխանել է նա։

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում՝ մայիսի 25-ին: Դրանից հետո ամբողջ երկրով մեկ օրեր շարունակ չէին դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար:

tert.am