«Հեռավար ուսուցումը սարսափելի է»․ Թրամփը կրկին կոչ է արել առաջիկա ուստարում վերաբացել դպրոցները՝ սպառնալով դադարեցնել դրանց տրամադրվող ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ կոչ է արել առաջիկա ուսումնական տարում վերաբացել դպրոցները, ինչպես նաև քննադատել է հեռավար ուսուցումը՝ այն անվանելով «սարսափելի»։

«Այժմ, երբ մենք անմիջականորեն ականատես եղանք հեռավար ուսուցմանը, կարող ենք արձանագրել, որ այն, համեմատած դպրոցներում և լսարաններում ուսուցման, սարսափելի է: Դրանք առհասարակ չի կարելի համեմատել։ Դպրոցները պետք է բացվեն աշնանը։ Եթե դրանք չբացվեն, ապա ինչո՞ւ է դաշնային կառավարությունը ֆինանսավորում տալիս դպրոցներին։ Կդադարեցնի տալ»,-գրել է Թրամփը Twitter-ում։

Ավելի վաղ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ իր վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել նահանգապետների վրա, որպեսզի վերջիններս տեղական ուսումնական հաստատություններին թույլատրեն գալիք աշնանը դասերն առկա եղանակով վերսկսել։

«Մենք պատրաստվում ենք ճնշում գործադրել նահանգապետների և մնացած բոլորի վրա, որպեսզի բացենք ուսումնական հաստատությունները: Սա շատ կարևոր է մեր ազգի համար, շատ կարևոր է սովորողների և նրանց ծնողների բարօրրության համար, ուստի՝ ճշնում կգործադրենք աշնանը դպրոցները բացելու հարցում»,- հայտարարել էր Թրամփը։

Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում դպրոցները փակվել են մարտից։ Պետական կրթական համակարգում դպրոցական շենքերի բացման մասին որոշումն ընդունվում է առանձին նահանգների ղեկավարների կողմից: 

Tert.am