«Ինչպես կյանքումս ցանկացած բան, սա ևս անում եմ հաղթելու համար». ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Քանյե Ուեսթը հայտնել է Թրամփին այլևս չաջակցելու մասին

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հեղինակավոր Forbes ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ այլևս չի աջակցում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին  և նախագահական ընտրություններին մասնակցում է միայն հաղթելու նպատակով, գրում է Daily Mail պարբերականը։

Մինչդեռ նախկինում Ուեսթը հայտարարել էր, որ աջակցում է Թրամփին: Համացանցում տարածվել էին լուսանկարներ, որոնցում ռեփերը կրում է Թրամփի նախընտրական քարոզարշավի խորհրդանշական կարմիր գլխարկը:

«Այս հարցազրույցով հանում եմ կարմիր գլխարկս»,- նշել է Ուեսթը։

«Ինչպես կյանքումս ցանկացած բան, սա էլ անում եմ հաղթելու համար»,- ընդգծել է Ուեսթը և մանրամասնել, որ պատրաստվում է նախագահել կա՛մ որպես հանրապետական կա՛մ որպես անկախ գործիչ։

Ուեսթը հայտնել է նաև, որ հանդես է գալու նոր «Ծննդյան Խնջույք» կարգախոսով, և պարզաբանել այն՝ նշելով, որ «իր հաղթանակը բոլորի համար ծնունդ կդառնա»։

Նա հավելել է նաև, որ այս հարցում առաջնորդվելու է նաև ամերիկացի գործարար, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի, փոխնախագահի թեկնածու Միշել Թիդբոլի և Վյոմինգնահանգից քահանայի խորհուրդներով։

Ռեփերը խոսել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին՝ նշելով, որ ինքն այդ հիվանդությամբ վարակվել է փետրվարին և նման դրա դեմ պատվաստանյութի օգտագործումը կասկածելի է համարում։

Tert.am