Սպիտակ տունը վերահաստատել է, որ իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում «անփոփոխ է»

Սպիտակ տունը չորեքշաբթի հայտնել է, որ իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության կամ «Մեծ Եղեռնի» հարցում «անփոփոխ է մնում»:

«Նախագահը վերահաստատել է, որ Մեծ Եղեռնը պատմական վայրագություն էր և ողբերգություն հայ ժողովրդի համար, ինչպես նաև հաստատել է մեր հավատարմությունը՝ կանգնելու հայ ժողովրդի կողքին»,- Asbarez-ին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան:

Ամերիկյան քաղաքականության հարցում պարզաբանումը հետևել է Սպիտակ տան մամլո խոսնակ Քեյլի Մաքինանիի կողմից «Հայոց ցեղասպանության հուշահամալիր» արտահայտության արտաբերմանը:

Երկու օր առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Սպիտակ տան խոսնակն, անդրադառնալով ԱՄՆ-ում վերջերս տեղի ունեցող զանգվածային ցույցերի ընթացքում գրանցված անկարգություններին, ասել էր, որ «ԱՄՆ-ում վանդալիզմի է ենթարկվել նաև Հայոց ցեղասպանության հուշարձանը»:

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունից երեքշաբթի հայտարարել էին, որ Մաքինանին խոսքի ընթացքում «լեզվի սայթաքում» է թույլ տվել:

Tert.am