«Մենք մոնիթորինգի մեծ փորձ ունենք և ամբողջովին վերահսկելու ենք գործընթացը». Վրաստանի առողջապահության նախարար

Վրաստանը բավականին մեծ փորձ է կուտակել սահմանին կորոնավիրուսով վարակման դեպքերը հայտնաբերելու գործում:

Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն՝ մեկնաբանելով ԵՄ հինգ երկրի քաղաքացիների համար երկրի սահմանը բացելու մասին որոշումը:

«Սահմանների բացման հետ կապված մենք բավականին մեծ փորձ ունենք, ինչպես օրինակ սահմանին մոնիթորինգ իրականացնելու և նոր դեպքերի բացահայտման հարցում: Դրանից ելնելով՝ ակնկալում ենք, որ ամբողջությամբ կվերահսկենք գործընթացը, դա վտանգավոր չի լինի մեր քաղաքացիների համար և մենք զանգվածային ներքին փոխանցումներ չենք ունենա: Դրանից ելնելով՝ մենք որոշում ենք կայացրել, որ որոշ երկրների հետ ամբողջական և առանց պայմանների հաղորդակցություն կունենանք»,- ասել է վրաց նախարարը:

Հիշեցնենք, որ կառավարության որոշման համաձայն՝ Վրաստան կարող են ժամանել Գերմանիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Լատվիայի և Լիտվայի քաղաքացիները:

Tert.am