Ավստրիան ու Հայաստանը՝ համատեղ ընդդեմ համավարակի

Շիրակի մարզում «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) շահառու 7 գյուղերի բուժհաստատությունները և տեղի 180 խոցելի ընտանիք աջակցություն են ստանում Ավստրիական զարգացման գործակալությունից։

10,000 եվրո դրամաշնորհը ծառայելու է COVID-19 համավարակի տարածման կանխարգելմանն ու դժվարին կացության մեջ հայտնված ընտանիքներին պարենի և առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրմանը։

«Այս օրերին միջազգային գործընկերների հետ համագործակցությունն առավել քան կարևոր է։ Ավստրիական զարգացման գործակալության աջակցությունը հնարավորություն է տալիս շարունակել գործուն աջակցություն ցուցաբերել մեր շահառուներին Շիրակի մարզում՝ ոչ միայն նյութապես, այլև կարողությունների զարգացմանն ու իրազեկման բարձրացմանն ուղղված ջանքերով»,- նշում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։

Տրամադրվող փաթեթներում ներառված են կրթական բուկլետներ համավարակի, անվտանգության պահպանման ընդհանուր կանոնների, ինքնամեկուսացման մասին։ Փաթեթների հանձնումն իրականացնելու են ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատողներն ու բժիշկները, որ տեղում իրազեկեն բնակչությանը։

Ընտանիքների ընտրության գործընթացում հաշվի են առնվել ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատողների մշակած տվյալների բազան, գյուղապետարանների, Շիրակի մարզպետարանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալները։

Բենիամին, Գուսանագյուղ, Հոռոմ, Լանջիկ, Մեղրաշեն, Սառնաղբյուր և Վարդաքար գյուղերի ընտանիքների աջակցության փաթեթում պարենային ապրանքներից բրինձ է, ցորեն, ոսպ, արիշտա, ձեթ, տնտեսական ապրանքներից՝ հեղուկ օճառ, ախտահանող նյութ, ձեռնոց, դիմակ, ինչպես նաև գրենական պիտույքներ՝ նկարչական ալբոմ ու մատիտներ, գիրք, սեղանի խաղ։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի մասին

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսի 27-ին՝ ծառայելու մարզի շուրջ 150 հազար բնակիչներին։