Միացյալ Նահանգները 1 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանի Հանրապետությանը՝ պայքարելու կոռուպցիայի դեմ:
Հունիսի 23-ին առցանց ձևաչափով տեղի ունեցած միջոցառմամբ մեկնարկել է «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հաշվեքննիչ պալատին» եռամյա ծրագիրը։
Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, միջգերատեսչական պայմանագիր է ստորագրել ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ գրասենյակի (GAO) Աուդիտի գերազանցության կենտրոնի հետ՝ Հայաստանի Հանրապետության աուդիտի բարձրագույն մարմնին՝ Հաշվեքննիչ պալատին տեխնիկական օժանդակությամբ, խորհրդատվությամբ և վերապատրաստման դասընթացներով ապահովելու մասին։
Այս ծրագրի միջոցով ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ գրասենյակը կաջակցի իրագործել Հաշվեքննիչ պալատի մասին ՀՀ 2018թ․ օրենքի պահանջները՝ ուղղորդելով ընդունելու և պահպանելու աուդիտի միջազգային չափանիշերը։
Միացյալ Նահանգների գլխավոր հաշվեքննող և ԱՄՆ կառավարության Հաշվեքննիչ գրասենյակի ղեկավար Ջին Դոդարոն և ԱՄՆ ՄԶԳ-ի գլխավոր ֆինանսական տնօրեն՝ Ռեջինալդ Վ. Միթչելը, որոնք COVID-19 ճգնաժամից առաջ նախատեսում էին այցելել Հայաստան, տեսակապով միացան ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին՝ նշելու ծրագրի մեկնարկը։
Սա ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի երկրորդ միջգերատեսչական պայմանագիրն է ԱՄՆ կառավարության հաշվեքննիչ գրասենյակի աուդիտի գերազանցության կենտրոնի հետ: Նախորդ համաձայնագրով GAO-ն Հայաստանի հաշվեքննիչ պալատում իրականացրել է կարիքների գնահատում՝ վերջինիս ուժեղ և թույլ կողմերը վեր հանելու նպատակով: Այս ծրագրով նախատեսված օրակարգը հիմնված է կարիքների գնահատման արդյունքում արված առաջարկությունների վրա և համահունչ է ՀՀ կառավարության՝ պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարությանը:
«Հաշվեքննիչ պալատն առանցքային դերակատարում ունի պետական հաստատությունների հաշվետվողականության, թափանցիկության և բարեվարքության ամրապնդման առումով: Այս նոր ծրագիրը ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերի՝ ԱՄՆ Կառավարության կողմից տրամադրվող ընդհանուր աջակցության մաս է կազմում: Ծրագիրն իրականացնելու է ԱՄՆ կառավարության հաշվեքննիչ գրասենյակը (GAO), որը համարվում է «ոսկե ստանդարտ» աուդիտի բարձրագույն բոլոր մարմինների համար», – նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լինն Մ․ Թրեյսին:
Ուժեղ և անկախ աուդիտի բարձրագույն մարմինը խիստ կարևոր դեր է կատարում՝ ձևավորելով քաղաքացիների վստահությունը պետական հաստատությունների նկատմամբ։ Այն երաշխավորում է հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը՝ միտված կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ներդրված գումարի դիմաց առավելագույն արժեքի ապահովմանը և արդյունքների իրականացմանը։