Կորոնավիրուսի համավարակը մոտ ապագայում չի ավարտվի: CNN-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Այն անգամ մոտ չէ ավարտին: Թեև շատ երկրներ առաջընթաց են գրանցել, համավարակն իրականում արագանում է: Մենք այս հարցում բոլորս միասին ենք և երկար ենք լինելու այս վիճակում: Մենք արդեն շատ ենք կորցրել, սակայն չենք կարող կորցնել հույսը»,- ասել է Գեբրեյեսուսը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Գեբրեյեսուսը նշել է նաև, որ վաղը լրանում է վեց ամիսն այն օրվանից, երբ ԱՀԿ-ն առաջին անգամ տեղեկացվել է Չինաստանում թոքաբորբի տարածման դեպքերի մասին, ինչն, ինչպես ավելի ուշ պարզվել էր, պայմանավորված էր նոր տեսակի կորոնավիրուսով:
Հիշեցնենք, որ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10 մլն-ը, մահացածներինը՝ 500 000-ը: